AM
29 Սեպտեմբեր 2025 - 12:53 AMT

Փաշինյանը՝ Բերսեին․ ՀՀ–ն կանգնած է զարգացման շրջադարձային կետում

Ստրասբուրգում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հանդիպումը։

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ այս այցը, որն իր առաջին այցից (2019 թվական) անցկացվում է վեց տարի անց, տեղի է ունենում կարևոր ժամանակահատվածում։ Վարչապետի խոսքով՝ Հայաստանը, հաղթահարելով վերջին հինգ տարիների բարդ մարտահրավերները, այժմ գտնվում է իր զարգացման շրջադարձային կետում։ Նա ընդգծել է, որ Հայաստանի համար Եվրոպայի խորհուրդը համարվում է ժողովրդավարական առաջընթացի ռազմավարական գործընկեր, և կարևորել կառույցի դերը ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ամրապնդման գործում։

Եվրոպայի խորհրդի ղեկավարը ողջունել է Փաշինյանի այցը և ընդգծել կառույցի ու Հայաստանի կառավարության միջև հաստատված ակտիվ ու արդյունավետ համագործակցությունը։ Ալեն Բերսեն նշել է, որ այդ կապերը զգալիորեն նպաստել են Հայաստանի ինստիտուցիոնալ բարեփոխումների առաջմղմանը բոլոր ուղղություններով։ Նա նաև վստահություն է հայտնել, որ կողմերի կողմից ծրագրավորված նախաձեռնությունները հաջողությամբ կյանքի կկոչվեն նաև ապագայում։

Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել Հայաստան–Եվրոպայի խորհուրդ համագործակցության գործողությունների արդյունավետությունը, ինչպես նաև քննարկել են օրակարգային հարցեր՝ անդրադառնալով երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին։

Ալեն Բերսեն նաև ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը՝ հույս հայտնելով, որ այդ գործընթացը տարածաշրջանում կբացի զարգացման նոր հեռանկարներ և լայն հնարավորություններ։

Սեպտեմբերի 30-ին վարչապետ Փաշինյանը ելույթ կունենա ԵԽԽՎ չորրորդ նստաշրջանի լիագումար նիստում։Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Մատիաս Գիյոմարի, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթիի հետ։