AM
1 Հոկտեմբեր 2025 - 07:52 AMT

Թուրքիայի ԱԽ նիստում քննարկել են Անկարայի և Երևանի միջև կարգավորումը

Սեպտեմբերի 30–ին Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստում, որը վարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, քննարկվել է Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այդ մասին նշված է խորհրդի պաշտոնական հայտարարության մեջ, հայտնում է Caliber.az-ը։

Նիստի ընթացքում մասնակիցները հատկապես ընդգծել են Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային կապի կարևորությունը, որը, ըստ նրանց, կապահովի անխափան փոխադրումներ և շահավետ կլինի տարածաշրջանի բոլոր երկրների համար։

Նշվել է նաև կողմերի ձգտումը հասնելու վերջնական խաղաղության՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 80-րդ նստաշրջանում ունեցած ելույթում, արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, ասել է, որ «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունն ընկալվում է որպես տարածքային պահանջ Հայաստանից։

Նա ընդգծել է, որ թեև Վաշինգտոնյան հռչակագրով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատված, դեռևս առկա են լուրջ անելիքներ, իսկ Ադրբեջանի նախագահի հռետորաբանությունը հակասում է խաղաղության կառուցման տրամաբանությանը։