Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակում կայացած պանելային քննարկման ընթացքում շնորհավորել է Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության հռչակագրի նախաստորագրման համար, հայտնում է Radar Armenia-ն։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հռչակագրի ստորագրումը (նախաստորագրումը,- խմբ) մեծ ձեռքբերում է։ Շնորհավորում եմ երկու երկրի ղեկավարներին։ Մենք կենտրոնացած ենք Հարավային Կովկասում և Արևմտյան Բալկաններում տեղի ունեցող իրադարձությունների վրա»,– ասել է Մակրոնը։
Կոպենհագենում անցկացվող «Եվրոպական քաղաքական համայնքի» գագաթնաժողովի մեկնարկից առաջ Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման, դիմելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, կատակել է՝ հիշելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները։
«Չե՞ք շնորհավորում ինձ ու Ալիևին՝ Թրամփը վերջ դրեց մեր «հակամարտությանը»,–ասել է նա։
Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:
Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։






