AM
2 Հոկտեմբեր 2025 - 14:19 AMT

Ալիևը՝ Կոպենհագենում․ Երևանն ու Բաքուն արդեն հարմարվել են խաղաղ կյանքին

Հոկտեմբերի 2-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Կոպենհագենում Եվրոպական միության խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հանդիպմանը հայտարարել է, որ «Ադրբեջանն ու ՀՀ–ն արդեն հարմարվել են կյանքին՝ խաղաղ պայմաններում» և որ «Ադրբեջանը շարունակելու է խաղաղ նախաձեռնությունների առաջմղումը»։

Նա հավելել է, որ խաղաղության օրակարգի հետ կապված ձեռքբերումներն ունեն պատմական նշանակություն ամբողջ տարածաշրջանի,այդ թվում Հայաստանի և Ադրբեջանի համար, հայտնում է APA-ն։

Անտոնիու Կոշտան և Ուրսուլա ֆոն դեր Լայենը շնորհավորել են Ադրբեջանի նախագահին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ օրակարգի առաջխաղացման առիթով՝ հույս հայտնելով, որ դա կդառնա հիմք տարածաշրջանում ամուր խաղաղության համար։ Նրանք հավաստիացրել են, որ ԵՄ-ն շարունակելու է ջանքեր գործադրել խաղաղության պահպանման համար և ընդգծել են տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության զարգացման կարևորությունը։

Հանդիպման մասնակիցները համաձայնվել են, որ Ադրբեջանի և ԵՄ-ի միջև կան համագործակցության խորացման և հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու լուրջ հեռանկարներ։

Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:

Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։