AM
4 Հոկտեմբեր 2025 - 08:42 AMT

Դեսպան․ ԵՄ-ն ու Բեռլինը սատարում են Բաքու-Երևան երկխոսությունը

Ադրբեջանում Գերմանիայի դեսպանն Ռալֆ Հորլեմանը՝ Գերմանական Միասնության օրվան նվիրված միջոցառման ընթացքում իր ելույթում, հայտարարել է, որ վերջին երկու տարիների ընթացքում Գերմանիան և Եվրոպական միությունը ակտիվ դերակատարում են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման գործում։

«ԵՄ-ն և Գերմանիան վերջին երկու տարիների ընթացքում ակտիվորեն մասնակցում են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ կարգավորման գործընթացին», գրում է APA–ն։

Նրա խոսքով՝ օգոստոսին խաղաղ համաձայնագրի ստորագրումը խաղաղությունը դարձրել է իրական։

«Օգտվելով առիթից՝ կցանկանայի շնորհավորել Ադրբեջանի կառավարությանը և ժողովրդին Հայաստանի հետ խաղաղ բանակցությունների գործընթացում նշանակալի առաջընթացի հասնելու կապակցությամբ։ Օգոստոսին խաղաղ համաձայնագրի ստորագրումը խաղաղությունը վերջապես հասանելի է դարձնում։ Եվրոպական միությունն ու Գերմանիան վերջին երկու տարիներին ակտիվորեն մասնակցում են այս գործընթացին, և մենք պատրաստ ենք շարունակել աջակցել նրան այն կերպ, որը կշահի երկու կողմերին», – նշել է դեսպանը իր ելույթում։

Անդրադառնալով Գերմանիայի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերություններին՝ Ռալֆ Հորլեմանն ընդգծել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում երկխոսությունն ու համագործակցությունը նոր մակարդակի են հասել։

Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:

Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։