AM
6 Հոկտեմբեր 2025 - 07:55 AMT

Թբիլիսին ներողություն է պահանջում ԵՄ–ից «բռնությանը սատարելու համար»․ Բախումների հետևանքով կան տւժածներ

Հոկտեմբերի 4–ին Վրաստանում ՏԻՄ ընտրություններից հետո բազմահազարանոց բողոքի ակցիայի մասնակիցների և ոստիկանության միջև բախումներ են եղել։ Ցուցարարները գրոհել են նախագահական նստավայրը, ներխուժել են համալիրի բակային հատված և որոշ ժամանակ այնտեղ մնացել։ Ոստիկանությունը ցուցարարներին ցրելու համար կիրառել է ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ, գրում է BBC-ն։

Երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակի մասին։ Ավելի ուշ այդ տեղեկությունները հաստատել է Կնետրոնական ընտրական հանձնաժողովը։

Ընդդիմադիր ուժերից շատերը բոյկոտել են ընտությունները և չեն մասնակցել։

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների՝ 100 % ձայների մշակումից հետո իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հաղթել է բոլոր քաղաքներում, Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու Կախա Կալաձեն ստացել է քվեների 71․58 %–ը։

Բախումների հետևանքով տուժել է 6 ցուցարար և 21 իրավապահ։ Ոստիկանությունը ձերբակալել է ցույցի կազմակերպչական կոմիտեի բոլոր անդամներին՝ Փաատա Բուրչուլաձեին, Մուրտազ Զոդելավային, Իրակլի Նադիրաձեին, Փաատա Մանջգալաձեին և Լաշա Բերիձեին։

Նրանց մեղադրանք է առաջադրվել Սահմանադրական կարգը բռնությամբ փոխելու կամ իշխանությունը տապալելու կոչերի, ինչպես նաև խմբային բռնի գործողությունների կազմակերպման, ղեկավարության և մասնակցության համար։ Նշված արարքները պատժվում են մինչև ինը տարվա ազատազրկմամբ։

Վրաստանի իշխանությունները նաև մեղադրանքներ են հնչեցրել Եվրամիության հասցեին։ Մասնավորապես, Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, որ վրաց ժողովուրդը ներողություն է ակնկալում ԵՄ–ից «բողոքի ցույացերին բռնությանը սատարելու համար», ոչ թե քննադատություն և ապատեղեկատվություն, հայտնում է Sputnik-georgia-ն։

Եվրոպական միության ղեկավարությունը Վրաստանի իշխանություններին կոչ էր արել երաշխավորել քաղաքացիների խաղաղ հավաքներ անցկացնելու և կարծիք արտահայտելու իրավունքը։ ԵՄ առաջնորդները նաև կոչ էին արել բոլոր կողմերին խուսափել ուժի կիրառությունից, հայտնում է «Էխո Կավկազան»։

Հայտարարությունը ստորագրել են ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը և ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը։

Հայտարարության հեղինակները նշում են, որ շատ քաղաքացիներ հանդես են գալիս ««Վրացական երազանք» կուսակցության ռեպրեսիվ քաղաքականության դեմ» և պահանջում են ազատ արձակել «բոլոր անօրինական կալանավորվածներին»։

«Մենք հորդորում ենք հանդարտություն և զսպվածություն՝ ընտրություններից հետո, և կոչ ենք անում իշխանություններին պաշտպանել քաղաքացիների խաղաղ հավաքներ անցկացնելու և արտահայտվելու իրավունքները։ Անհրաժեշտ է կառուցողական և համապարփակ երկխոսություն՝ բոլոր քաղաքական գործիչների և քաղաքացիական հասարակության մասնակցությամբ… Վերջապես, ԵՄ-ը վճռականորեն մերժում և դատապարտում է Վրաստանում ԵՄ դերի վերաբերյալ ապատեղեկատվությունը, ինչպես նաև ԵՄ դեսպանի դեմ ուղղված անձնական հարձակումները», — հայտարարել են Կալլասը և Կոսը։

Վրաստանի վարչապետն ու իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ «իշխանության տապալման փորձը ձախողվել է»։

Նա հիշեցրել է իշխող ուժի ծրագրի մասին՝ արգելելու նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Միասնական ազգային շարժում» կուսակցության և մի շարք այլ ընդդիմադիր ուժերի գործունեությունը։

Կոբախիձեի խոսքով՝ վերջին չորս տարիների ընթացքում «Ազգային շարժումը» 5 անգամ փորձել է երկրում անկայունություն սանձազերծել, կազմակերպել «մայդան» և խափանել հասարակական կարգը, ինչին իշխանություններն «պատասխանել են համարժեք կերպով»։

Նա ընդգծել է, որ պետք է վերջնականապես «չեզոքացնել» այսպես կոչված «Համատեղ ազգային շարժման» գործունեությունը, որպեսզի Վրաստանում ձևավորվի «առողջ ժողովրդավարական քաղաքական համակարգ»։

«Մենք կոնկրետ պատասխանատվություն ունենք մեկ միլիոն հարյուր հազարից ավել ընտրողների առաջ՝ ամբողջությամբ հեռացնելու այս հիվանդությունը՝ «Համատեղ ազգային շարժումը», մեր երկրից։ Այդ հասկացության տակ են մտնում համապատասխան քաղաքական ուժերը, օտարերկրյա գործակալներն ու ծայրահեղական խմբերը, որոնք գործում են արտասահմանյան հատուկ ծառայությունների ուղղորդմամբ և ֆինանսավորմամբ», — ասել է Կոբախիձեն։

Նա նաև նշել է, որ բռնի գործողությունների կազմակերպման ու մասնակցության մեջ ներգրավված բոլոր անձինք կենթարկվեն քրեական պատասխանատվության և «խստորեն կպատժվեն»։

Խոսելով հոկտեմբերի 4-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասին՝ վարչապետը նշել է, որ իշխող ուժը ստացել է «նախադեպը չունեցող աջակցություն»։

Բացի այդ, Կոբախիձեն անդրադարձել է, իր խոսքերով, «խորքային պետության» կողմից մշակված սխեմային, որի նպատակն էր «Ազգային շարժում»-ին փոխարինել «Լելո» և «Գախարիա՝ Վրաստանի համար» կուսակցություններով։ Վերջիններս չեն բոյկոտել ընտրությունները, բայց, ըստ Կոբախիձեի, ցույց են տվել թույլ արդյունքներ և «արդեն կարելի է նրանց քաղաքական դաշտից հանել»։

Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունն (ՍԳԲ) իր հերթին հայտարարել է, որ հայտնաբերվել է մեծ չափով հրազեն, զինամթերք և պայթուցիկներ՝ դետոնատորներով, որոնք, ըստ քննչական տվյալների, պետք է կիրառվեին հոկտեմբերի 4-ին՝ նախագահական նստավայրի գրոհի փորձին զուգահեռ։

«Սույն գործի նյութերի համաձայն՝ Ուկրաինայում գործող մի ռազմական ստորաբաժանման վրաց ներկայացուցիչի հրամանով, ինչը հաստատվում է բազմաթիվ ապացույցներով, վրացի քաղաքացի Բ.Չ.-ն ձեռք է բերել մեծ քանակությամբ հրազեն, զինամթերք և պայթուցիկ նյութեր։ Առկա օպերատիվ տվյալների համաձայն՝ այս զենքերը պետք է օգտագործվեին Թբիլիսիում հոկտեմբերի 4-ին, կազմակերպված ցույցերի և նախագահական նստավայրի գրոհի փորձի հետ միասին, որպեսզի իրականացվեն դիվերսիոն գործողություններ։ Պետական անվտանգության ծառայության կանխարգելիչ միջոցառումներով չեզոքացվել է դրանց գործարկումը։ Զենքն, զինամթերքն ու պայթուցիկները հայտնաբերվել են հատուկ պատրաստված թաքստոցում անտառային գոտում՝ Թբիլիսիի մոտ», — նշված է հաղորդագրությունում։

Գործը հարուցվել է Վրաստանի քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ապօրինի կրակային զենքի, զինամթերքի, պայթուցիկ նյութերի կամ պայթուցիչների ձեռքբերումը կամ պահպանումը։ Այդ հանցանքի համար նախատեսվում է ազատազրկում երեքից մինչև վեց տարի ժամկետով։

«Ենթադրվում են ակտիվ օպերատիվ և հետաքննչական միջոցներ՝ այս հանցագործության հետ կապված այլ անձանց հայտնաբերելու եւ ձերբակալելու նպատակով», — հայտարարել է ծառայությունը։