ԱՄՆ Կոնգրեսի անդամներ Դարել Իսսան և Գաս Բիլիրակիսը ներկայացրել են «Կովկասում լարվածության կանխարգելման և փոխգործակցության առաջխաղացման մասին» օրինագիծը (PEACE Act, H.R.5632), որով առաջարկվում է սահմանել պատժամիջոցներ Ադրբեջանի նկատմամբ՝ Հայաստանի դեմ հնարավոր նոր ագրեսիայի դեպքում։
Օրինագիծն աջակցություն է հայտնում Հայաստանի ինքնիշխանությանը, ինչպես նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջ քաշված խաղաղության նախաձեռնություններին, հայտնում է Արմենպրեսը։
Օրինագծով առաջարկվող պատժամիջոցները ներառում են ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների ֆինանսական ակտիվների սառեցում, մուտքի արգելք ԱՄՆ տարածք և սահմանափակումներ այն արտասահմանյան բանկերի նկատմամբ, որոնք ֆինանսապես համագործակցում են հաստատությունների հետ, որոնք հեշտացնում են ադրբեջանական նավթի առևտուրը։
Օրինագիծը նախատեսում է բացառություններ մարդասիրական օգնության և հիմնական ապրանքների համար և կգործի 7 տարի:
Օրինագիծը ներկայացվել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում 2025 թվականի սեպտեմբերի 30-ին և նույն օրը ուղարկվել է երեք Արտաքին հարաբերությունների, Արդարադատության և Ֆինանսական ծառայությունների հանձնաժողովներ: Օրինագիծը գտնվում է օրենսդրական գործընթացի սկզբնական փուլում և դեռ չի քննարկվել կոմիտեներում:
Այն պետք է հաստատվի յուրաքանչյուր կոմիտեի կողմից, ապա անցնի Ներկայացուցիչների պալատի և Սենատի քվեարկությունները՝ նախքան ԱՄՆ նախագահի ստորագրությանը ներկայացվելը:
Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:
Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։






