AM
7 Հոկտեմբեր 2025 - 10:32 AMT

Ալիև․ Վաշինգտոնի հանդիպման կարևոր արդյունք է «Զանգեզուրի միջանցքի» բացումը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Վաշինգտոնի գագաթնաժողովի կարևոր արդյունք է դարձել «Զանգեզուրի միջանցքի բացումը»։ Այդ մասին նա ասել է Գաբալայում՝ Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների ղեկավարների խորհրդում իր ելույթի ժամանակ, հայտնում է APA-ն։

«Զանգեզուրի միջանցքը մեծ նշանակություն ունի որպես նոր տրանսպորտային ուղի և երկրորդ երթուղի թե Միջին միջանցքի, թե՛ Հյուսիս-Հարավ միջանցքի շրջանակներում», – ընդգծել է նա։

Ալիևի այս հայտարարությունը հնչել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում այն հայտարարությունից հետո, որ «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունն ընկալվում է որպես տարածքային պահանջ Հայաստանից»։

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 80-րդ նստաշրջանում ունեցած ելույթում Փաշինյանն ընդգծել էր, որ թեև Վաշինգտոնյան հռչակագրով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատված, դեռևս առկա են լուրջ անելիքներ, իսկ Ադրբեջանի նախագահի հռետորաբանությունը հակասում է խաղաղության կառուցման տրամաբանությանը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արթուր Հովհաննիսյանը հայտարարել էր, որ կոչ են անում ադրբեջանցի գործընկերներին՝ խոսույթը համապատասխանեցնել փաստաթղթերին։