Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սոցցանցի իր էջում շնորհակալություն է հայտնել «եղբայրական երկրներին Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի վերականգնման գործում ցուցաբերած աջակցության համար»։ Նա այդ մասին գրել է X–ի իր միկրոբլոգում, հայտնում է Minval.az-ը։
Ինչպես երևում է հրապարակված լուսանկարում, այդ երկրների թվում է նաև Հունգարիան, որի վարչապետ Վիկտոր Օրբանը մասնակցել է Գաբալայում կայացած Թյուրքական երկրների համաժողովին։
«Կրկին շնորհակալություն եմ հայտնում եղբայրական երկրներին՝ Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի վերականգնմանը սատարելու համար։ Ադրբեջանի ժողովուրդը երբեք չի մոռանա այս եղբայրական աջակցությունը»,–գրել է նա։
Մինչդեռ 44–օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Լեռնային Ղարաբաղում ոչնչցավում է ամեն հայկականը՝ հիմնահատակ ավերվում են ամբողջական գյուղեր, ինչպես, օրինակ, Քարին տակը, ամբողջ թաղամասեր, ինչպես Ստեփանակերտում՝ պետական կառույցներն ու բնակելի տներն իրենց գույքով, որոնց համար ոչ մի արցախցի փոխհատուցում չի ստացել։ Ավերվում են հայկական եկեղեցիներն ու վանքերը, ջնջվում են հայալեզու արձանագրությունները, իսկ այն դեպքերում, երբ դա չի հաջողվում, դրանք հռչակվում են աղվանական։






