AM
14 Հոկտեմբեր 2025 - 09:08 AMT

Պոլսի Հայոց պատրիարքը լավատես է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում

Թուրքիայի հայկական համայնքի ցանկությունն է, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն։ Այդ մասին Ստամբուլում Հայաստանից ժամանած լրագրողների հետ զրույցում ասաց Պոլսո Հայոց Պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը, հայտնում է Արմենպրեսը։

«Մեր համայնքն աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Համայնքը ցանկանում է, որ հարաբերությունները սերտանան։ Սա նաև պետք է թեթևացնի մեր ուսերի վրա դրված բեռը։ Հայ-թուրքական հարաբերությունները վերջին 100 տարում այնքան լարված են եղել, որ այստեղ հայ անունը հավասար է հայհոյանքի։ Եվ Հայաստանում էլ թուրք անունն է հավասար հայհոյանքի։ Հետևաբար, եթե այս հարաբերությունները շտկվեն, ամենամեծ ծանրությունը մեր ուսերից է դուրս գալու։ Ավելի բարեկամական մթնոլորտում պետք է շունչ քաշենք», – ընդգծել է պատրիարքը։

Նրա խոսքով՝ համայնքն ուշադիր հետևում է Երևանի և Անկարայի պաշտոնյաների շփումներին ու դրանց արդյունքներին։ Մասնավորապես, ինչպես ընդգծել է Պոլսո Հայոց պատրիարքը, խոսքը երկկողմ ճանապարհների կառուցման, Անիի կամրջի վերականգնման, թուրքական ավիաընկերության՝ հայկական շուկա մուտք գործելու մասին է։

«Այս ամենն ընթացքի մեջ է։ Պարզապես մենք կարճ կյանք ունեցող արարածներ ենք, ամեն բան արագ ենք ուզում տեսնել, բայց ազգերի, պետությունների կյանքը երկար է, ավելի դանդաղ է ընթանում։ Երբ նայում ենք Թուրքիայի և Հայաստանի հարաբերություններին, լավատես լինելու համար շատ պատճառներ ունենք»,–ասել է նա։

Պատրիարքը անդրադարձ է կատարել նաև թուրքական իշխանությունների վերաբերմունքին՝ նշելով, որ ներկա կառավարությունը ցուցաբերում է դրական մոտեցում։

«Իրենց ժամանակով մենք վերատիրացանք մեր կալվածքներին, մեր ազատություններն ունեցանք, այսօր կարող ենք նորոգել մեր կառույցները, մեր եկեղեցիները։ Եղել է ժամանակ, երբ անգամ մեխ գամելու համար պետք է թույլտվություն ստանայինք։ Հիմա այդ բոլորը շատ ավելի հեշտ է արվում։ Մեզ այցելում է նախագահը, նախարարները, մեզ հրավիրում են տարբեր միջոցառումների, պետական արարողակարգում տեղ են տալիս», – նշել է Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։

Այնուամենայնիվ, ըստ նրա, համայնքը կանգնած է մի շարք լուրջ մարտահրավերների առջև, որոնցից ամենախնդրահարույցը ժողովրդագրական անկումն է։ Նրա գնահատմամբ, ծնելիության և մահացության բացասական հարաբերակցությունը լուրջ ազդեցություն է թողնում համայնքի ապագայի վրա։

«Եթե այսօր մենք 35-40 հազար ենք, 25 տարի հետո 10-15 հազար ենք մնալու։ Մեր համայնքի կառույցները 125 հազար հայերի համար են։ Այս քաղաքում 50 եկեղեցի ունենք՝ 33 առաքելական, 12 կաթոլիկ, 4 բողոքական։ Բայց այլևս չենք կարողանում լցնել մարդկանցով։ Ժամանակին ունեինք 50 վարժարան, հիմա միայն 17-ը», – փաստել է պատրիարքը։

Նա հավելել է, որ նույն տխուր պատկերը նկատելի է Ստամբուլի հայկական թաղամասերում։ Օրինակ, Գումգափուում, որտեղ գտնվում են պատրիարքարանը և Սուրբ Աստվածածին մայր տաճարը, նախկինում բնակվում էր մոտ 40 հազար հայ, մինչդեռ հիմա 40 հայ էլ չի ապրում Գումգափու թաղամասում։

«Հետևաբար, այս փոփոխվող քաղաքում, որի բնակչությունը մոտենում է 20 միլիոնի, մեծագույն խնդիր է դարձել դեմոգրաֆիական հարցը։ Դրան ավելանում է նաև արտագաղթը, որ կա երիտասարդների շրջանում», – նշել է Մաշալյանը։

Վերլուծելով մայրենիի պահպանման վիճակը՝ Պատրիարքը ցավով արձանագրել է, որ Թուրքիայի հայ համայնքում, ինչպես նաև Սփյուռքի շատ կենտրոններում, հայերեն լեզվի պահպանումը բարդացել է։ Նրա խոսքով՝ չնայած շատ ծնողներ փորձում են երեխաներին հայկական վարժարաններ ուղարկել, իրականում դպրոցից դուրս հայերենը գործածողներ գրեթե չեն մնում։

«Լեզուն կորցնելը հանգեցնում է մշակութային ձուլման, քանի որ լեզվի մեջ է պահպանվում մշակույթի վերաբերյալ ամեն բան։ Եթե չես տիրապետում լեզվին, չես կարող թափանցել տվյալ մշակույթի մեջ։Հենց այսպիսի պայմաններում ենք փորձում ոտքի վրա մնալ։ Մեր վարժարաններում 3000 աշակերտ կա։ Վարժարանները լավ աշխատանք են տանում, օգնում են, որ գոնե աշակերտները կողք կողքի մնան։ Նրանց ենք փոխանցում մեր գրական, լեզվական, մշակութային ժառանգությունը։ Մենք մեր ունեցած հարստությամբ սփյուռքյան լավագույն օջախներից մեկն ենք։ Մեր աղոթքն է, որ այն, ինչ շուրջ 600 տարի պահպանել ենք եկեղեցու շուրջ, շարունակենք նույն կերպ պահպանել», – ամփոփել է Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։

Փաշինյանը հունիսի 20–ին մեկօրյա աշխատանքային այցով մեկնել էր Թուրքիա։ Այդ այցի օրակարգը նախապես չէր հրապարակվել՝ կողմերի փոխադարձ պայմանավորվածությամբ, ինչը նաև հայտարարվել էր վարչապետի կողմից։ Նա Ստամբուլում հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Թուրքիայի նպատակը Մեծ Թուրանի գաղափարի իրագործումը չէ, նա ասել է, որ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու, լինելու է «Խաղաղության խաչմերուկ»։

«Մենք էլ, Թուրքիան էլ ճանապարհներ ենք ուզում։ Եկեք բացենք սահմանները։ Մենք այդ ամեն ինչին մի վերնագիր ենք դնում «Թուրան», ու վերջ, գնա՜ց` վայ, վայ… Եկեք մենք էլ ապրենք, ուրիշներին էլ մեր չափով հնարավորություն տանք ապրելու»,–ասել է նա։