AM
16 Հոկտեմբեր 2025 - 12:38 AMT

Բաքուն մտադիր է մինչև 2030թ․ կրճատել ռազմական բյուջեն, թեև 2026–ինն՝ ավելացրել է

Ադրբեջանը մտադիր է մինչև 2030 թվականը նվազեցնել պետական ծախսերը, որոնք ուղղվում են պաշտպանության և ազգային անվտանգության ապահովման համար՝ մինչև 7․969 միլիարդ մանաթ։ Այդ են վկայում Ադրբեջանի ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում հրապարակված միջնաժամկետ բյուջետային տվյալները, գրում է Haqqin.az-ը։

Մինչդեռ, 2026 թվականին այդ ոլորտին հատկացվող գումարը կկազմի 8․715 միլիարդ մանաթ։ Սա նշանակում է, որ 2026-ից մինչև 2029 թվականը տվյալ հատվածում նախատեսվում է 8.6 տոկոս կրճատում։

Նշվում է նաև, որ պաշտպանության և անվտանգության ոլորտների մասնաբաժինը պետական բյուջեի կառուցվածքում 2026 թվականին կկազմի 20.9 տոկոս, սակայն մինչև 2029 թվականը կնվազի՝ հասնելով 18.4 տոկոսի։

2025 թվականի գործող բյուջեով նախատեսված է 8․396 միլիարդ մանաթ հատկացում պաշտպանության և ազգային անվտանգության ոլորտներին։ 2026–ի համար հատկացված գումարը 3․8%-ով գերազանցում է 2025–ի ռազմական բյուջեն: