AM
23 Հոկտեմբեր 2025 - 14:07 AMT

Էստոնիան կողմ է Ադրբեջան–ՀՀ խաղաղ գործընթացի առաջխաղացմանը

Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահկնան հայտարարել է, որ իրենց երկիրը սատարում է Ադրբեջանի ջանքերը՝ միտված Հայաստանի հետ խաղաղ գործընթացի խորացմանը։ Նրա խոսքով՝ Տալլինը շարունակաբար կանգնած է Հարավային Կովկասում խաղաղության և կայուն գործընկերության ուղղությամբ ծավալվող նախաձեռնությունների կողքին, հայտնում է 1lurer.am-ը։

Նախարար Ցահկնան դրական է գնահատել նաև այս տարվա օգոստոսին Վաշինգտոնում ստորագրված համատեղ հռչակագիրը՝ նշելով, որ այն խոսում է կողմերի՝ հարաբերությունների կարգավորմանը հանձնառու լինելու մասին։

Նրա հավաստմամբ՝ Էստոնիան Եվրամիության շրջանակում պատրաստ է շարունակել օժանդակել այն ծրագրերին, որոնք միտված են տարածաշրջանային ենթակառուցվածքների զարգացմանը և փոխվստահության ամրապնդմանը, ընդգծելով մասնավորապես TRIPP նախաձեռնության կարևորությունը։

Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:

Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։