AM
24 Հոկտեմբեր 2025 - 14:52 AMT

Դեսպան․ Վաշինգտոնի համաձայնագիրը նոր հեռանկարներ է բացում բոլորի համար

ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Խազար Իբրահիմը հայտարարել է, որ ԱՄՆ մայրաքաղաքում օգոստոսին ստորագրված համաձայնությունը ՀՀ և Ադրբեջանի միջև բացառիկ բեկում է՝ պատմական կարևորություն ունեցող քայլ, որը լավ հնարավորություններ է բացում բոլորի համար։

Այդ մասին նա ասել է Վաշինգտոնում կազմակերպված «ԱՄՆ-ն Հարավային Կովկասում․ նոր ռազմավարական հնարավորությունների բացահայտում» թեմայով համաժողովի ընթացքում, հայտնում է Azertag-ը։

Դեսպանը նշել է, թե Ադրբեջանը պատրաստ է լիարժեք օգտագործել և զարգացնել բացված ներուժը։

«Ադրբեջանի նախագահը հանել է սահմանափակումները մեր երկրի տարածքով Հայաստան բեռների տարանցման վրա։ Կարծում եմ՝ Հայաստանի վարչապետ Փաշինյանն էլ բարձր է գնահատել սա, և հավանաբար այս ուղղությամբ համատեղ քայլեր կլինեն։ 90-ականների սկզբին մեր քննարկումների ժամանակ փորձում էինք փոխանցել, որ եթե միասին գործենք, դա օգուտ կբերի բոլորիս։ Բայց դա տեղի չունեցավ։ Միայն հիմա է դա դարձել իրականություն։ Ադրբեջանը՝ ԱՄՆ-ի և մի շարք այլ գործընկերների մեծ աջակցությամբ, կարողացել է հասնել նրան, որ երկու երկրներն միասին գործեն», – հավելել է դեսպանը։

Ադրբեջանը վերացրել է բոլոր սահմանափակումները դեպի Հայաստանի տարանցիկ բեռների համար։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ համատեղ մամուլի հայտարարության ժամանակ։ Երևանը ողջունել է այդ որոշումը։