Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հույս է հայտնել, որ Ադրբեջանի ու Հայաստանի միջև հակամարտության կարգավորումը լինելու է կայուն և երկարաժամկետ։ Այդ մասին նա խոսել է Մինսկի միջազգային համաժողովում, որը նվիրված է եվրասիական անվտանգությանը։
Նա հավելել է, որ վերջին շրջանում հաջողվել է հասնել հանգուցալուծումների, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Ես լիահույս եմ, որ մի շարք հակամարտություններում գրանցված հանգուցալուծումները տևական, երկարաժամկետ կլինեն։ Ադրբեջանն ու Հայաստանը ստորագրել են խաղաղության համաձայնագիր։ Կանգ է առել Գազայի երկամյա պատերազմը։ Դա միայն սկիզբն է։ Բայց հուսանք՝ լավ սկիզբ», — հայտարարել է բելառուս առաջնորդը։
Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:
Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։






