ԱՄՆ կառավարությունը մտադիր է մինչև տարեվերջ առաջին աշխատանքային խմբեր ձևավորել Հայաստանի և Ադրբեջանի հետ։ Այդ մասին հայտնել են ԱՄՆ Պետքարտուղարությունից, տեղեկացնում է Report․az-ը։
Նշվել է, որ Վաշինգտոնը շարունակում է խորացնել համագործակցությունը ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ՝ ելնելով ձեռք բերված պայմանավորվածություններից։
«ԱՄՆ–ն հանձնառու է իրականացնել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված պատմական համատեղ հռչակագրերն ու փոխըմբռնման հուշագրերը և կապահովի երկու կառավարությունների հետ առաջին աշխատանքային խմբերի ստեղծումը մինչև տարեվերջ»,- ասվում է հարցմանն ուղարկված պատասխանում։
ԱՄՆ Պետքարտուղարությունը դրական է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին զարգացումները՝ ընդգծելով, որ Վաշինգտոնը հետևում է պաշտոնյաների հանդիպումներին և դրանց արդյունքում կայացված որոշումների իրականացմանը։
«Ողջունում ենք Ադրբեջանի և ՀՀ պաշտոնյաների միջև վերջերս տեղի ունեցած բովանդակալից քննարկումները սահմանների սահմանազատման, ականազերծման և TRIPP նախագծի աջակցության համար ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ: Մենք նաև դրական ենք գնահատում Ադրբեջանի վերջին որոշումը՝ թույլատրել բեռների տարանցումը իր տարածքով դեպի Հայաստան, ինչպես նաև երկու երկրների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդիպումը Երևանում: ԱՄՆ-ի ղեկավարության ներքո նախաձեռնությունները, զուգորդված այս ջանքերի հետ, կգրավեն մասնավոր ներդրումներ և կբերեն բարգավաճման նոր դարաշրջան Ադրբեջանի, Հայաստանի ու այլ երկրների համար»,- ասվում է Պետքարտուղարության հայտարարության մեջ։
Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:
Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։






