AM
31 Հոկտեմբեր 2025 - 13:36 AMT

Հաջիև․ Ադրբեջանն ու ՀՀ–ն սովորում են ապրել խաղաղ պայմաններում, ինչը բավականին բարդ է

Ադրբեջանի նախագահի օգնականը՝ արտաքին քաղաքական հարցերի վարչության ղեկավար Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Վաշինգտոնի գագաթնաժողովի հիմնական նպատակը խաղաղության հաստատումն էր՝ շնորհակալություն հայտնելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և նրա թիմին այդ գործընթացին աջակցելու համար։

Հաջիևը նշել է, որ այժմ Հայաստանը և Ադրբեջանը սովորում են ապրել խաղաղ պայմաններում, ինչը բավականին բարդ է, գրում է APA–ն։

«Ներկայումս Հայաստանը և Ադրբեջանը սովորում են ապրել խաղաղ պայմաններում, քանի որ անկախություն ձեռք բերելուց հետո երկու երկրները չգիտեին՝ ինչ է խաղաղությունը։ Այնուամենայնիվ, մենք խաղաղություն հաստատելու գործընթացում ենք։ Պատերազմ հայտարարելն անհամեմատ ավելի հեշտ է, քանի որ խոսքը արյան, ավերածությունների և այս բոլոր սարսափելի բաների մասին է։ Բայց այս շրջանում խաղաղություն հաստատելն ու սովորելն ապրել խաղաղ պայմաններում՝ չափազանց բարդ է», – ընդգծել է պաշտոնյան։

Ճեպազրույցի ընթացքում Հաջիևը հատուկ ուշադրություն է դարձրել խաղաղ գործընթացի խորությանը, տարածաշրջանում կայունության ապահովման անհրաժեշտությանը, ինչպես նաև միջազգային գործընկերների հետ համագործակցության շարունակականության կարևորությանը։

Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:

Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։ ռաջնորդ