AM
4 Նոյեմբեր 2025 - 13:37 AMT

Մխիթարյանը թոփ-5 լիգաների ամենադիմացկուն ֆուտբոլիստներից է

Իտալական «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Եվրոպայի թոփ-5 լիգաների ամենադիմացկուն խաղացողներից մեկը՝ ըստ Gradient Sports և TransferRoom վերլուծական հարթակների վերջին զեկույցի։

Հետազոտությունն ընդգրկել է այն ֆուտբոլիստներին, որոնք այս մրցաշրջանում առնվազն 5 հանդիպման են մասնակցել, և գնահատել նրանց ֆիզիկական ինտենսիվությունը և աշխատունակությունն ամբողջ խաղի ընթացքում, հայտնում է Factor.am-ը։

36-ամյա Մխիթարյանը ցուցադրել է միջինում 11 կիլոմետր արդյունք մեկ խաղում՝ զբաղեցնելով 10-րդ հորիզոնականը՝ եվրոպական թոփ լիգաների ֆուտբոլիստների շարքում։

Իտալիայի ընթացիկ առաջնությունում Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է 7 խաղի, ևս 1 հանդիպում անցկացրել է Չեմպիոնների լիգայում։ Այս օրերին նա վերականգնվում է վնասվածքից, որը ստացել է «Նապոլիի» դեմ հոկտեմբերի 25-ին կայացած խաղում։