Արցախի նախկին պետնախարար, գործարար ու բարերար Ռուբեն Վարդանյանը, որը շինծու գործերով պահվում է Բաքվի բանտում, հեռախոսազրույց է ունեցել իր ավագ որդու՝ Դավիթ Վարդանյանի հետ։ Նա որդու միջոցով երեք կարևոր ուղերձ է փոխանցել հայ ժողովրդին։ Այն հրապարակվել է նրա ֆեյսբուքյան էջում։
Այդ ուղերձներն են․
Արցախը եղել է, կա և կլինի
Հավատացեք ինքներդ ձեզ, ինչպես Աստծո մի մասնիկի, բարուն և լույսին:
Իսկական հերոսը նա է, ով կարող է հույս վառել այնտեղ, որտեղ չկա. նա, ով դառնում է հենարան ուրիշների համար, երբ վերջիններս կորցրել են հավատը։
Նոյեմբերի 4-ին Ռուբեն Վարդանյանը ուղերձ էր հղել «Ավրորայի» 10–ամյակի առիթով՝ նշելով, որ դադարեցնում է իր ակտիվ մասնակցությունը նախագծին։ Նա իր երախտագիտությունն է հայտնել բոլոր այն անձանց, ովքեր հավատացել են Հայաստանում ծնված համաշխարհային մարդասիրական շարժման տեսլականին, վստահել են իրեն ու աջակցել իրենց առատաձեռնությամբ։ Նա հատկապես շնորհակալություն է հայտնել նախաձեռնության համահիմնադիրներ Նուբար Աֆեյանին և Վարդան Գրեգորյանին։
2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի սահմանապահ ուժերը ձերբակալել են Ռուբեն Վարդանյանին, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, ԼՂ Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանին, ինչպես նաև Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Արայիկ Հարությունյանին։
Նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված գործը քննվում է առանձին վարույթի շրջանակում։






