AM
6 Նոյեմբեր 2025 - 07:30 AMT

Գրոնոն՝ Բայրամովին․ ԵՄ‑ն պատրաստ է աջակցել Վաշինգտոնյան համաձայնագրին

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն նոյեմբերի 5–ին Բաքվում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանն ասել է, որ ԵՄ‑ն պատրաստ է աջակցել ՀՀ և Ադրբեջանի միջև Վաշինգտոնյան համաձայնագրին։

Քննարկվել են Ադրբեջանի և Եվրոպական միության միջև համագործակցության ընթացիկ վիճակը և զարգացման հեռանկարները, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, տարածաշրջանային ու միջազգային հարցեր, հայտնում է APA-ն։

«Ջեյհուն Բայրամովը տեղեկացրել է զրուցակցին Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների ու կարգավորման գործընթացում առաջընթացի մասին, ինչպես նաև ներկայացրել է Բաքվի դիրքորոշումը»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:

Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։