AM
7 Նոյեմբեր 2025 - 13:26 AMT

Հաջիզադե. 4 անկլավի վերադարձի հարցը միշտ ուշադրության կենտրոնում է

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության վարչության ղեկավար Այհան Հաջիզադեն հայտարարել է, որ Ադրբեջանին «4 անկլավի վերադարձի հարցը միշտ ուշադրության կենտրոնում է»։

Նա հավելել է, որ խոսքը «Ղազախի շրջանի 3 և Նախիջևանի Քյարքի գյուղի մասին է», գրում է APA-ն։

«Այս հարցը պետք է լուծվի սահմանազատման հանձնաժողովների շրջանակում», – նշել է նա։

Հաջիզադեն հավելել է, որ «Ղազախի շրջանի մյուս գյուղերի վերադարձը, որն արդեն տեղի է ունեցել, Ադրբեջանի մեծ դիվանագիտական հաջողությունն էր»։

Ավելի վաղ՝ օգոստոսի 28–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Հայաստանի որևէ կառավարություն չի կարող հրաժարվել էքսկլավ, անկլավների թեմայից, քանի որ հայկական կողմն ունի Արծվաշեն։

Դեռևս 2024–ին Բաքուն հայտարարել էր, որ Հայաստանի հետ սահմանագծման և սահմանազատման գործընթացի շրջանակում պետք է լուծվեն «4 էքսկլավ գյուղերի ազատագրման հարցերը»: Հաղորդագրության մեջ նշվում էր Յուխար Ասքիփարի և Քյարքիի (Վերին Ոսկեպար և Տիգրանաշեն հայկական գյուղեր, որոնք բնակեցված են), ինչպես նաև Սոֆուլուի և Բարխուդարլիի (չբնակեցված) մասին: