Վերջերս Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Ալեքսանդր Տկաչովը այցելել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին նրա մոսկովյան նստավայրում: Այս շաբաթվա սկզբում Աբրահամյանը այցելեց Տկաչովին: Հանդիպումից հետո Տկաչովը հայտարարեց լրագրողներին, որ բանակցությունները հարթել են բոլոր տարաձայնությունները: «Մեզ հաջողվեց քանդել բոլոր քարկապները»,- ասել է նա: «Երկրամասի տարածքում հայերը բնակվում են հարյուր տարուց ավելի: Այստեղ ապրում են նորմալ մարդիկ, եւ մենք թանկ ենք գնահատում համերաշխությունը»: Նահանգապետը հայտարարել է, որ երբեք չի նախատեսել հայերի արտաքսումը: Այսպիսով, նա հրաժարվում է կոչերից, որոնցով մարզի վարչակազմի անունից Աբինսկում մարտին կայացած խորհրդակցությանը հանդես էր եկել փոխնահանգապետ Լեոնիդ Բակլիցկին: «Ես այդպիսի բան չեմ ասել, եւ նման բան չի լինի»,- ասել է Տկաչովը` Արա Աբրահամյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում: Կուբանի ղեկավարը երաշխավորեց, որ Կրասնոդարի գերեզմանոցի հայկական մասում կատարված ավերածությունների կազմակերպիչներն անպայման կպատժվեն: Արա Աբրահամյանն ընդգծել է, որ հայկական աճյունների սրբապղծության մասին տեղեկությունից անմիջապես հետո նա զրուցել է նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որը խոստացել է միջոցներ ձեռնարկել, որպեսզի նման բան չկրկնվի:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: