AM
12 Նոյեմբեր 2025 - 10:57 AMT

Պեսկով․ ԱՀԾ հայտարարությունները մերկապարանոց չեն լինում, հուսով ենք՝ ՀՀ հետ գործակցությունը կշարունակվի

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, պատասխանելով ռուսական ցորենից հրաժարվելու ՀՀ մտադրության մասին հարցին, ասել է, որ ԱՀԾ հայտարարությունները մերկապարանոց չեն լինում, գրում է ՌԻԱ Նովոստին։

ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարել է, որ «Հայաստանը, քաղաքական նկատառումներով, ուզում է «պոկվել ՌԴ–ից» և աջակցել Ուկրաինային՝ ցորենի մի մասն ավելի բարձր գնով գնելով Կիևից։ Ըստ նույն աղբյուրի՝ ուկրաինական հացահատիկի արժեքը ռուսականից մոտ մեկուկես անգամ բարձր է, ուստի առաջարկվել է, որ ԵՄ–ն փոխհատուցի գների տարբերությունը։

«Ինչ վերաբերում է ԱՀԾ հաղորդագրությանը, ապա դրանք երբեք մերկապարանոց չեն լինում»,–ասել է նա։

Պեսկովը միևնույն ժամանակ հույս է հայտնել, որ ՌԴ և ՀՀ համագործակցությունը կշարունակվի։

«Դուք գիտեք, որ հաճախակի շփումներ են տեղի ունենում ամենաբարձր մակարդակով։ Ռուսաստանի և Հայաստանի երկկողմ համագործակցության օրակարգում բազում հարցեր կան։ Մենք հույս ունենք, որ այս համագործակցությունը կշարունակվի», — ասել է Պեսկովը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքել է այն տեղեկությունները, թե Հայաստանը մտադիր է հրաժարվել ռուսական հացահատիկից՝ հօգուտ ուկրաինականի` դա անվանելով «անհեթեթություն»: