AM
18 Նոյեմբեր 2025 - 06:43 AMT

Բաքվի բանտում Էուլջեքչյանի վիճակը կտրուկ վատացել է․ Նրան միայն հաց և թեյ են տալիս

Բաքվի բանտում պահվող Վիգեն Էուլջեքչյանի վիճակը կտրուկ վատացել է։ Այս մասին հայտնել են նրա կինը՝ Լինդա Էուլջեքչյանը, և փաստաբան Լուսիանա Մինասյանը։ Պաշտպանը հայտնել է, որ 45-օրյա դադարից հետո Էուլջեքչյանը նոյեմբերի 16-ին զանգահարել է իր ընտանիքին և կարճ զրույց ունեցել։

Զրույցի ընթացքում Վիգենը հայտնել է, որ իր ֆիզիկական վիճակը կտրուկ վատացել է. չի կարողանում քայլել և կարիք ունի անվասայլակի, որը չի տրամադրվել, հայտնում է Sputnik Արմենիան։

«Նրան տարել են բժշկի մոտ, բայց նա դեղորայք չի ստանում։ Չնայած իր վիճակին` նրան որևէ բուժում կամ իրավական պաշտպանության միջոցներ չեն նշանակվել։ Նա մնում է առանց բժշկական օգնության՝ մարդասիրական տարրական նորմերի խախտմամբ», – նշել է փաստաբանը։

Փաստաբանի փոխանցմամբ` Վիգենը նաև հայտնել է, որ բավարար սնունդ չի ստանում. Իրեն տալիս են միայն հաց և թեյ։

«Սա անմարդկային և նվաստացնող վերաբերմունք է։ Նման վերաբերմունքը հատկապես անհանգստացնող է՝ հաշվի առնելով նախագահ Իլհամ Ալիևի վերջին հրապարակային հայտարարությունները», – նշել է փաստաբանը։

Նա ասել է, որ ընտանիքը այս հայտարարությունները ընկալում է որպես հայ բանտարկյալների տառապանքների ծաղր։

Մինասյանը նշել է, որ Էուլջեքչյանի կալանքի պայմանները խախտում են միջազգային մարդասիրական իրավունքը, բանտարկյալների նկատմամբ մարդասիրական վերաբերմունքի իրավունքը և ՄԱԿ-ի` բանտարկյալների հետ վարվելակերպի նվազագույն ստանդարտները (Մանդելայի կանոնները)։

«Բժշկական օգնությունից զրկելը, սննդից զրկելը, դեղորայքից հրաժարվելը և անվասայլակից հրաժարվելը լուրջ սպառնալիք են ներկայացնում Վիգենի առողջության և կյանքի համար»,-ասել է նա։

Նա հավելել է, որ իրավիճակը լուրջ ռիսկ է ստեղծում Էուլջեքչյանի կյանքի համար, և կոչ արել միջազգային կառույցներին անհապաղ միջամտել՝ ապահովելու անկախ բժշկական զննումն, մարդասիրական հասանելիությունն, անվասայլակի տրամադրումն, ինչպես նաև բավարար սնունդն ու անհրաժեշտ դեղորայքը։

46-ամյա Էուլջեքչյանը Հայաստանի և Լիբանանի քաղաքացի է։ Նրան առևանգել են ադրբեջանական զինված ուժերն Լեռնային Ղարաբաղն 2020 թվականի նոյեմբերի 10-ին՝ Հայաստանի և Ադրբեջանի հրադադարի պայմանավորվածությունից մեկ օր անց, որն ավարտել է Արցախյան 44-օրյա պատերազմը։ Բաքվի ռազմական դատարանը նրան 2021 թվականի հունիսին դատապարտել է 20 տարվա ազատազրկման «վարձկանություն», «ահաբեկչություն», «Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում» հոդվածներով։

2023 թվականի դեկտեմբերին հայ գերիների ազատ արձակման ընթացքում նրա անունը ներառված է եղել հրապարակված նախնական ցուցակում, սակայն վերադարձը չի իրականացվել։