Ֆրանսիական հեղինակավոր «Լը Մոնդ» օրաթերթում Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի հրամանի ընդունման երկրորդ տարելիցի կապակցությամբ 23 երկրի խորհրդարանականներ հանդես են եկել համատեղ հոդվածով, որում կոչ են արել հարգել միջազգային իրավունքը և երաշխավորել Լեռնային Ղարաբաղից բռնազավթման արդյունքում տեղահանված հայ բնակչության վերադարձի իրավունքը, որը մինչև այժմ չի իրագործվել՝ միջազգային դատական որոշումների առկայության պայմաններում:
Նրանք նշել են, որ «Լեռնային Ղարաբաղի հայերի հարցը ոչ թե սահմանների կամ էթնիկական պատկանելության, այլ՝ մարդու իրավունքների համընդհանրության խնդիր է», հայտնում է Aravot.am-ը։
Նշվում է, որ 2023 թվականի նոյեմբերի 17-ին Արդարադատության միջազգային դատարանը պարտադրել է Ադրբեջանին անհապաղ ապահովել Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի անվտանգ, արժանապատիվ և անխոչընդոտ վերադարձը, նրանց ունեցվածքի պաշտպանությունը և մշակութային ժառանգության պահպանությունը,
«Միջազգային իրավունքի սկզբունքների հիմքով կայացված այս որոշումը գերակայում է ցանկացած քաղաքական նկատառմանը, պայմանագրի կամ երկկողմ համաձայնագրի։ Երկու տարի անց, սակայն, այն մնում է չկատարված։ Ոչ մի գործողություն չի արվել փախստականներին իրենց տները վերադառնալու հնարավորություն տալու, նրանց իրավունքները պաշտպանելու կամ նրանց լքած քաղաքների ու գյուղերի վիճակը փաստագրելու ուղղությամբ:
Հայերի ունեցվածքն ու մշակութային ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում շարունակում են ոչնչացվել, աղավաղվել կամ յուրացվել՝ նրանց ներկայությունն ու հետքերը վերացնելու նպատակով։ Միջազգային կառույցների և պետությունների կողմից գործողությունների բացակայությունը հարցեր է առաջ բերում, հատկապես մի ժամանակաշրջանում, երբ աշխարհի այլ ժողովուրդներ ևս վտանգված են։ Արդյո՞ք մենք պետք է լռությամբ գործնականում հավանություն տանք այն իրողությանը, որն իրավական առումով հստակորեն որակվում է որպես մարդկության դեմ հանցագործություն և էթնիկ զտում»,–ասվում է հոդվածում։
Նրանք հիշեցրել են 2023-ի սեպտեմբերի 19-ի ադրբեջանական զինված հարձակման և նախորդող շրջափակման հետևանքները՝ ընդգծելով, որ այն հանգեցրել է Լեռնային Ղարաբաղի ամբողջ հայ բնակչության՝ մոտ 120,000 մարդու զանգվածային տեղահանման։
«Մինչ օրս այդ հանցագործության ծանրությանը համարժեք միջազգային քաղաքական արձագանք չի տրվել։ Ուժերի առկա հարաբերակցությունը չի կարող կասեցնել միջազգային իրավունքի կիրառումը․ Լեռնային Ղարաբաղի բնակիչների վերադարձի իրավունքը գերակայում է ցանկացած աշխարհաքաղաքական հաշվարկի և մնում է համընդհանուր պատասխանատվություն՝ ամրագրված միջազգային կոնվենցիաներով։»
Պատգամավորները հիշեցրել են ՄԱԿ-ի Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին դաշնագրի 12-րդ հոդվածը, որը ամրագրում է յուրաքանչյուրի՝ սեփական երկիր վերադառնալու անօտարելի իրավունքը։
«Այս իրավունքը կախված չէ անձի քաղաքացիությունից, այլ՝ տվյալ երկրի հողի, մշակույթի և հիշողության հետ ունեցած անհատի խորը և տևական կապի առկայությունից։ Այս իրավունքը չի պատկանում պետություններին, այլ՝ անհատներին: Որևէ իշխանություն, անգործության կամ հրաժարման միջոցով, չի կարող այդ իրավունքի տերերին զրկել դրանից»,–ասվում է հոդվածում։
Քննադատության է ենթարկվել նաև 2025 թվականի «օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը, որը հեղինակների կարծիքով՝ չի ներառում ոչ տեղահանվածների վերադարձի մեխանիզմ, ոչ գերիների ազատում, ոչ էլ հայկական մշակութային ժառանգության պահպանություն։
«Թեպետ այն ներկայացվում է որպես պատմական փաստաթուղթ, սակայն համաձայնագիրը չի նախատեսում ո՛չ բռնի տեղահանվածների վերադարձ, ո՛չ գերիների ազատում, ո՛չ էլ հայկական մշակութային ժառանգության պաշտպանություն։ Փաստացի, այն վավերացնում է էթնիկ զտման հետեւանքները՝ միաժամանակ ուժեղացնելով Բաքվի եւ նրա դաշնակիցների ռազմավարական դիրքերը։
Լեռնային Ղարաբաղի հայերի հարցը սահմանների կամ էթնիկական պատկանելության խնդիր չէ, այլ՝ մարդու իրավունքների համընդհանրության և այդ սկզբունքի պաշտպան համարվող պետությունների հեղինակության հարց: Մերժել բռնի տեղահանվածների իրավունքները միայն նրանց հայկական ծագման պատճառով կամ նրանց պաշտպանության պատասխանատվությունը թողնել միայն Հայաստանի Հանրապետության վրա, նշանակում է ժխտել մարդու իրավունքների համընդհանրության սկզբունքը: Այդ իրավունքները կախված չեն քաղաքական դիրքորոշումներից և պարտադիր կանոններ են պետությունների համար՝ վեր դաշինքներից»,–ասվում է հոդվածում։
Պատգամավորները նշել են, որ տարբեր երկրներում՝ այդ թվում՝ Եվրախորհրդարանում, նախաձեռնություններ են իրականացվում ԼՂ տեղահանված հայերի իրավունքների վերականգնման և մշակութային ժառանգության պաշտպանության ուղղությամբ։ Նրանք կոչ են արել միջազգային հանրությանը չշեղել հայացքը և գործել խղճի ու արդարության հիմքով։
«Արդարությունը սկսվում է այնտեղ, որտեղ խիղճը հրաժարվում է հայացքը շեղել: Մոռացումից չի կարող ծնվել խաղաղություն»,–ասվում է հրապարակման մեջ։
Հոդվածը ստորագրել է 23 խորհրդարանական Եվրախորհրդարանից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից, Դանիայից, Կիպրոսից, Բելգիայից, Արգենտինայից և Ուրուգվայից։






