AM
19 Նոյեմբեր 2025 - 07:25 AMT

Մամեդով. Առաջիկա 6 ամսում ևս մի քանի անգամ ՀՀ կայցելենք՝ գուցե նաև մարզեր

Ադրբեջանում գործող Հարավային Կովկասի հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ֆարհադ Մամեդովը հայտարարել է, որ նախատեսվում են նոր փոխադարձ այցելություններ՝ Ադրբեջանի և Հայաստանի հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ։ Նա այդ մասին հայտնել է Բաքվում անցկացված՝ Ադրբեջանի և ԱՄՆ-ի մտահղացումների կենտրոնների առաջին ֆորումի շրջանակում։

Մամեդովը, որն ադրբեջանական պատվիրակության կազմում այցելել էր Երևան, հայտարարել է, որ առաջիկա 6 ամսում ևս մի քանի անգամ ՀՀ կայցելեն,գրում է Vesti.az-ը։

Նրա խոսքով՝ վերջերս ադրբեջանական պատվիրակության այցը Երևան ավելի լայն գործընթացի միայն մի դրվագ էր, որը ենթադրում է կողմերի միջև պարբերական կապեր։

«Մեր այցը միանվագ գործողություն չէր։ Մոտակա վեց ամիսների ընթացքում մենք պլանավորում ենք ևս մի քանի անգամ այցելել Հայաստանի Հանրապետություն։ Հնարավոր է՝ ոչ միայն մայրաքաղաք, այլև տարբեր մարզեր», — նշել է նա։

Մամեդովն ավելացրել է նաև, որ հայկական պատվիրակությունը մինչև տարեվերջ կայցելի Ադրբեջան։

«Գործընթացը կիրագործվի մոտ ժամանակներս։ Հանրությունը ժամանակին կտեղեկացվի այցի, քննարկումների ընթացքի և դրանց արդյունքների մասին։ Մեզ համար կարևոր է ոչ միայն հանդիպման փաստը, այլև իրական արդյունքները՝ քննարկվող թեմաները և կոնկրետ նախագծերի իրականացումը», — շեշտել է նա։

Երևանում հոկտեմբերի 21-22-ին Հայաստանի և Ադրբեջանի հասարակական կազմակերպությունների, փորձագիտական համայնքների ներկայացուցիչների հանդիպմանը մասնակցել է նաև ոմն Դիլարա Էֆենդիևան, որը 2022 թվականի դեկտեմբերին ադրբեջանցի այսպես կոչված «էկոակտիվիսների» թվում արգելափակել էր այն ժամանակ ՌԴ խաղաղապահ զորքերի վերահսկողության տակ գտնվող Լաչինի միջանցքը։