AM
24 Նոյեմբեր 2025 - 07:18 AMT

Պապուաշվիլի․ «Թրամփի ուղին» չի խանգարի Միջին միջանցքի զարգացմանը

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գագաթնաժողովի արդյունքում նախաձեռնված TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) նախագիծը նոր հեռանկարներ է բացել ամբողջ տարածաշրջանի համար և կնպաստի Միջին միջանցքի ամրապնդմանը։

«Սա կարևոր է մրցակցության զարգացման և փոխադրողներին լավագույն պայմաններ առաջարկելու համար, ինչն էլ մեր միջանցքը կդարձնի առավել գրավիչ։ Մրցակցությունն այս գործընթացն ավելի է ուժեղացնում», – նշել է Պապուաշվիլին, գրում է Sputnik-georgia-ն։

Նա նաև ընդգծել է, որ Հարավային Կովկասում ևս մեկ երթուղու առկայությունը խոսում է տարածաշրջանի կայունության մասին, ինչը նոր ներդրումներ կգրավի։

«Սա ինքնին ուղերձ է տարածաշրջանի կայունության վերաբերյալ, ինչը կավելացնի ներդրումների բոլոր տեսակները՝ ինչպես միջանցքի ենթակառուցվածքային ապահովման, այնպես էլ ընդհանրապես՝ տարածաշրջանի տարբեր ոլորտներում։ Այս նախաձեռնությունը ողջունում ենք, քանի որ այն օգտակար կլինի ողջ տարածաշրջանի համար», – ասել է նա։

Ինչ վերաբերում է Միջին միջանցքին, այն ստեղծվել է 2014 թվականի փետրվարին՝ Ադրբեջանի, Ղազախստանի և Վրաստանի առաջատար ծովային և երկաթուղային բեռնափոխադրող ընկերությունների մասնակցությամբ։ Ներկայումս երթուղին անցնում է Չինաստան-Ղազախստան սահմանից՝ Ղազախստանով, Կասպից ծովով, Ադրբեջանով և Վրաստանով դեպի Եվրոպա։

Վրաստանը միացել է Միջին միջանցքին 2022 թվականին՝ Թուրքիայի նախաձեռնությամբ։

Տարանցիկ ուղիների զարգացումն ազգային մակարդակով մնում է Վրաստանի կառավարության առաջնահերթություններից մեկը, և այս ուղղությամբ կատարվում են խոշոր ներդրումներ։ Տարածաշրջանում Վրաստանի տարանցիկ դերը առավել կարևոր է դառնում՝ հաշվի առնելով Չինաստանի, Թուրքիայի և Եվրամիության հետ գործող ազատ առևտրի համաձայնագրերը։ Ներկայումս իրականացվում է մասշտաբային նախագիծ՝ Վրաստանի տարածքով անցնող Արևելք-Արևմուտք մայրուղու կառուցման ուղղությամբ, որը կապում է Ասիան և Եվրոպան։