AM
24 Նոյեմբեր 2025 - 10:56 AMT

Թուրքիայի ՆԳՆ ներկայացուցիչ. «Զանգեզուրի միջանցքի« բացումը պատմական իրադարձություն կդառնա

Թուրքիայի ՆԳՆ քաղաքացիական հասարակության հետ կապերի գլխավոր վարչության փոխտնօրեն Օզջան Այգյունը հայտարարել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» լիարժեք գործարկումը պատմական իրադարձություն է դառնալու՝ էական ազդեցություն թողնելով ինչպես տարածաշրջանային, այնպես էլ համաշխարհային տնտեսության վրա։

Այդ մասին նա խոսել է «Զանգեզուրի միջանցքը՝ կամուրջ, որը միավորում է թյուրքական աշխարհագրությունը» խորագրով քննարկման ժամանակ, որը տեղի է ունեցել Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների ՔՀԿ-ների համերաշխության ֆորումի շրջանակում, գրում է APA-ն։

Նա ընդգծել է, որ «Զանգեզուրի միջանցքի իրագործումը մեծ օգուտ է բերելու ինչպես տարածաշրջանի երկրների, այնպես էլ համաշխարհային տնտեսությանը»։

«Եթե Սուեզի ջրանցքի բացումը մեծ առավելություններ է տվել տարածաշրջանի երկրներին և գլոբալ տնտեսությանը, ապա Զանգեզուրի միջանցքը կդառնա տարածաշրջանային տնտեսության լուրջ փոփոխությունների սկիզբ», — շեշտել է նա։

Վաշինգտոնում ՀՀ, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարներ Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևն ու Դոնալդ Թրամփը պաշտոնապես համաձայնության են եկել «Թրամփի ուղին» գործարկելու շուրջ։

«Երթուղին թույլ կտա, որ Ադրբեջանը կարողանա հասնել Նախիջևան՝ լիովին հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը։ Հայաստանը նաև բացառիկ գործընկերություն է ստեղծում ԱՄՆ-ի հետ, որպեսզի զարգացնի այս միջանցքը, ժամկետը կարող է մինչև 99 տարով երկարաձգվել, խոստացել են 99 տարուց հետո էլ երկարաձգել 99 տարով։ Ենթակառուցվածքային լուրջ զարգացումներ ենք ակնկալում, ամերիկյան ընկերություններն անհամբեր սպասում են՝ մուտք գործելու այս երկրներ և մեծ գումարներ ծախսելու, ինչը տնտեսական օգուտներ կբերի մեր երեք պետություններին»,–ասել է Թրամփը։

Սեպտեմբերի 11-ին Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի կողմից ամերիկյան կողմին ոչ թե հող է տրվել վարձակալությամբ 99 տարով, այլ տրամադրվել է կառուցապատման իրավունք։