AM
27 Նոյեմբեր 2025 - 07:04 AMT

Էուլջեքյանի ընտանիքը դիմել է Թրամփին, Իսրայելի և Արգենտինայի նախագահներին

Բաքվում կալանավորված լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանի ընտանիքը դեռևս որևէ հաստատված նոր տեղեկատվություն չունի՝ բացառությամբ անցած շաբաթ նրան թույլատրված հեռախոսազանգի։ Ըստ իրավապաշտպան Լուչիանա Մինասյանի, Ադրբեջանի բանտերում պահվող անձանց հետ կապը խիստ սահմանափակ է, ինչի հետևանքով ընտանիքը շարունակում է գտնվել լուրջ տեղեկատվական վակուումի մեջ, հայտնում է «Փաստինֆոն»։

Նա հայտնել է, որ գերու ընտանիքը բազմաթիվ քայլեր է ձեռնարկում Վիգենի ազատ արձակման խնդրանքով՝ ամենաբարձր քաղաքական և դիվանագիտական մակարդակներում։

«Մենք երկու առանձին անգամ պաշտոնական նամակներ ենք ուղարկել նախագահ Դոնալդ Թրամփին՝ Սպիտակ տան միջոցով, ինչպես նաև անձնական նամակ Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգին։ Նամակներ ենք հղել նաև Միացյալ Նահանգների առաջին տիկնոջը՝ հաշվի առնելով նրա մարդասիրական նախաձեռնություններում ներգրավվածությունը, մասնավորապես՝ Ուկրաինայում երեխաների անօրինական արտաքսման թեմայով։ Դիմել ենք նաև Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյին, որի վարչակազմը տեղեկացված է եղել գործի մասին։

Մենք անում ենք ամեն ինչ մեր կարողությունների սահմաններում՝ նրա վիճակը վերահսկելու և միջազգային ուշադրությունը նրա գործի հրատապության վրա հրավիրելու համար»,-ասել է Մինասյանը։

Նա նշել է, որ վերջին զարգացումների՝ նրա քայլելու անկարողության, դեղորայքի մերժման, սննդից զրկվելու և անվասայլակի բացակայության մասին հաղորդելու իրավական և ընթացակարգային ճիշտ եղանակը այս նոր փաստերը ներկայացնելն է որպես լրացում ՄԱԿ-ի կամայական կալանքի հարցերով աշխատանքային խմբի (WGAD) առջև ընթացող գործին։

«Մենք արդեն սկսել ենք այս գործընթացը։ Քանի որ WGAD-ում կա ակտիվ գործ, ճիշտ մեթոդը թարմացված տեղեկատվություն տրամադրելն է որպես նոր ապացույց, այլ ոչ թե առանձին ընթացակարգ սկսել, ինչը կարող է դանդաղեցնել կամ բարդացնել վերանայումը։

Ինչ վերաբերում է միջազգային կազմակերպություններին՝ ցավոք նրանք այլևս թույլտվություն չունեն մուտք գործելու Ադրբեջան՝ հայ ռազմագերիներին այցելելու կամ դատավարություններին մասնակցելու նպատակով։ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Ադրբեջանից վտարումը ստեղծել է անկախ վերահսկողության լիակատար վակուում։ Սա անհնար է դարձնում ՄԱԿ-ի դիտորդների, մարդու իրավունքներով զբաղվող ՀԿ-ների կամ բժշկական դիտորդների մուտքը կալանավայրեր։ Չնայած դրան՝ մենք ակտիվ կապի մեջ ենք Ադրբեջանից դուրս գործող այլ ՀԿ-ների հետ։

Օրինակ՝ «Քրիստոնեական համերաշխության միջազգային» կազմակերպությունը տեղեկացվել է իրավիճակի մասին և արդեն հրապարակային հայտարարություններ է արել՝ լիովին տեղյակ լինելով Վիգենի գործի լրջությանը։ Մենք շարունակվում ենք համագործակցել բոլոր այն կազմակերպությունների հետ, որոնք պատրաստակամ են աջակցել միջազգային մակարդակով»,-ասել է փաստաբանը։

Բժշկական օգնության վերաբերյալ Մինասյանը նշել է, որ այս պահի դրությամբ որևէ ապացույց չկա, որ Վիգենը համապատասխան բուժօգնություն ստացել է։

«Իրականում պետք է ընդգծենք, որ ընտանիքը դեռևս չի ստացել նրա բժշկական տեղեկանքները, որոնք սովորաբար Բաքվից ուղարկվում են Երևան և այնուհետև՝ կալանավորվածների ընտանիքներին։ Քանի որ Վիգենի ընտանիքը բնակվում է Լիբանանում, փաստաթղթերը պետք է ուղարկվեն Հայաստանով։ Բազմիցս կատարված հարցումներին հակառակ՝ Հայաստանից դեռևս կապ չեն հաստատել Վիգենի կնոջ՝ Լինդայի հետ և չեն տրամադրել բժշկական եզրակացությունները։ Բժշկական փաստաթղթերի բացակայությունը մեզ ավելի թույլ դիրքում է դնում, քանի որ չունենք նրա առողջական վիճակի վերաբերյալ կարևոր տեղեկատվության հասանելիություն»,-ասել է Մինասյանը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ 45 օր տևած լռությունից հետո Վիգեն Էուլջեքյանը վերջապես զանգահարել է կնոջը՝ տեղեկացնելով, որ իր առողջական վիճակը զգալիորեն վատթարացել է, քայլել չի կարողանում, իսկ բանտի անձնակազմը հրաժարվել է տրամադրել բժշկի նշանակած դեղորայքը։