Թուրքիայի անվտանգության խորհրդի նիստում, որը նախագահել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, քննարկվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղ բանակցությունների ներկայիս փուլը, հայտնում է Minval.az-ը թուրքական լրատվամիջոցների վրա հղումով։
Նշվում է, որ խորհրդի անդամներն անդրադարձ են կատարել երկկողմ և տարածաշրջանային համագործակցության հարցերին՝ երկու երկրների միջև կարգավորման դրական դինամիկայի ֆոնին։
Հաստատվել է, որ Թուրքիան հավատարիմ է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդմանն ու տարածաշրջանի զարգացմանն աջակցելուն։
Բացի այդ, նիստում քննարկվել են «Ահաբեկչությունից զերծ Թուրքիա» նախաձեռնությունը, Մերձավոր Արևելքի իրավիճակը, ռուս-ուկրաինական պատերազմը և այլ անվտանգային հարցեր։
Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:
Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։






