Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը խորհրդարանում հաջորդ տարվա բյուջեի քննարկման ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան շարունակել է ամրապնդել կապերը Ադրբեջանի հետ, և դրա շրջանակում արդեն գրանցվել է զգալի զարգացում ադրբեջանական բանակի կարողությունների ամրապնդման ուղղությամբ։
«Մենք զգալի առաջընթաց ենք գրանցել Ադրբեջանի զինված ուժերի կարողությունների ամրապնդման գործում», – նշել է թուրք նախարարը, հայտնում է «Ազատությունը»։
Գյուլերն ընդգծել է, որ Անկարան վարժեցնում է ադրբեջանական բանակը, ինչպես նաև խորհրդատվություն է տրամադրում։
Գոհունակություն արտահայտելով օգոստոսին Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունների ու խաղաղություն կամքի համար՝ Գյուլերը հույս է հայտնել, թե խաղաղության համաձայնագիրը արագ կստորագրվի։
Թուրք նախարարը հատուկ ուշադրություն է դարձրել Ադրբեջանի հետ համագործակցությանը քարտեզագրության ոլորտում։ Նրա խոսքով՝ Թուրքիայի պաշտպանության նախարարությանը կից քարտեզագրության գլխավոր վարչությունն աջակցել է Ադրբեջանին քարտեզների արտադրության հարցում։
«Այս ոլորտում մեր խորհրդատվական օգնությունն ու աջակցությունը շարունակվում են», – ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարը։
Նա նշել է, որ Թուրքիան խորացնում է երկկողմ կապերն Ադրբեջանի հետ, հայտնում է Minval.az-ը։
«Ադրբեջանի զինված ուժերի վերակառուցման շրջանակում մենք հասել ենք և շարունակում ենք հասնել զգալի հաջողությունների կրթության, օգնության տրամադրման և խորհրդատվական գործունեության, ինչպես նաև պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության ուղղությամբ», – ավելացրել է նախարարը։
Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:
Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։






