Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ ընդգծելով, որ եկեղեցին և պետությունը չեն կարող մարտնչել իրար դեմ:
«Հոգևոր առերեսման, ներհայեցողության և ինքնաքննության հրամայականը՝ անկեղծ խոստովանությամբ և զղջումով, մեր հոգևոր և ազգային կյանքի ապաքինման և նորոգության առաջին կարևոր քայլն է։ Քանզի ճշմարտությունը առավել է, քան ճիշտ լինելը, Արիստոտելի խոսքով՝ «Պլատոնը սիրելի է ինձ, բայց ճշմարտությունը՝ առավել սիրելի»։
․․․Ակնհայտ ճշմարտությունն այն է, որ եկեղեցի և պետությունը չեն կարող մարտնչել իրար դեմ, այլ պարտավոր են փոխադարձ զորակցությամբ ծառայելու մեր ազատ և անկախ Հայաստանի ինքնիշխան պետականությանը և ժողովրդին։
Այս է մեր խոսքը։ Զգաստության հրամայականն ու վերածննդի անհրաժեշտությունը պարտավորեցնում են, որ Հայոց Եկեղեցու սպասավորներս հոգևոր առաքելության մեջ առավել հաստատուն մնանք մեր ամբողջ էությամբ։
Արդ, սրտագին կաղերսենք մեր հարազատ զավակներին, որ հաստատուն և աներեր մնան իրենց հավատքի մեջ ի Հիսուս Քրիստոս, քանզի ինքն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը հավիտենս հավիտենից (Յովհ. 14։6)։ Ամեն»,- ասվում է հայտարարությունում։
Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում համոզմունք էր հայտնել, որ Վաղարշապատի ընտրությունների արդյունքները «կարևոր լիցք են Մայր Աթոռն ազատելու համար», և որ «ժողովուրդը հաղթելու է 2026-ի խորհրդարանական ընտրություններում»։






