Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլին հայտարարել է, որ Թբիլիսին ողջունում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացի և երկկողմ հարաբերությունների կարգավորման ներկայիս դինամիկան, հայտնում է Արմենպրեսը։
Վրաստանի ԱԳ նախարարը անդրադարձել է նաև Հարավային Կովկասում Միացյալ Նահանգների ակտիվ դերակատարությանը՝ ընդգծելով այդ համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ջանքերը։
«Մենք տեսնում ենք, որ մեր տարածաշրջանում Միացյալ Նահանգներն ակտիվորեն ներգրավված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման գործընթացում։ Մենք ողջունում ենք այն դինամիկան, որն այժմ տեղի է ունենում երկու երկրների միջև և ուղղված է հարաբերությունների կարգավորմանը»,- նշել է Վրաստանի ԱԳ նախարարը։
Բոճորիշվիլին ընդգծել է նաև, որ տարածաշրջանը մեծ կարիք ունի կայունության և խաղաղության։ Նրա խոսքով՝ եթե Վրաստանի դերը Միջին միջանցքի նախագծում դառնա ավելի առանցքային, դա դրական ազդեցություն կունենա բոլորի, հատկապես՝ իրենց երկրի վրա։
«Եթե մեր դերը Միջին միջանցքում ավելի կարևոր դառնա, դա միայն օգտակար կլինի բոլորի համար, առաջին հերթին՝ մեր երկրի համար։ Մենք հետևում ենք այս գործընթացներին, և ոչ միայն հետևում ենք, այլև մասնակից ենք»,- ասել է Մակա Բոճորիշվիլին։
Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:
Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։






