AM
27 Նոյեմբեր 2025 - 14:55 AMT

Տասմագամբետով․ ՀՀ–ն չի արգելափակում ՀԱՊԿ–ի որոշումները

ՀԱՊԿ-ի կողմից ընդունված բոլոր որոշումները ուղարկվում են Հայաստան, և Երևանը չի խոչընդոտում դրանց ընդունմանը։ Այդ մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։

Նա նշել է, որ, չնայած «Հայաստանը սառեցրել է մասնակցությունը կազմակերպության աշխատանքներին, Երևանը ստանում է բոլոր նյութերը և փաստաթղթերը, որոնք քննարկվում և ընդունվում են քարտուղարության մակարդակով», գրում է ՏԱՍՍ–ը։

Նրա խոսքերով, ՀՀ‑ն «չի մասնակցում քննարկմանը», սակայն դա չի խանգարում որոշումների ընդունմանը նշված ձևաչափով։ Այդպես, ըստ նրա, տեղի է ունեցել ԱԽ նոյեմբերի 27–ի նիստի ժամանակ։ Բոլոր փաստաթղթերը ուղարկվել են Հայաստան, և ստանալուց հետո՝ հայտարարվել է, որ երկիրը «չի առարկում տվյալ փաստաթղթերի ընդունմանը»։

Տասմագամբետովը հավելել է․ «Վստահ ենք, որ որոշ ժամանակ անց ՀՀ քաղաքական ղեկավարությունը կկայացնի իմաստալից որոշում և մենք նորից միասին առաջ կշարժվենք»։

Նա ընդգծել է, որ թեման՝ Հայաստանի մասնակցության կարգավիճակը, բարձրացվում է մշտապես․ յուրաքանչյուր անգամ, ոչ միայն ԱԽ նիստերի ժամանակ կամ մամլո ասուլիսների ժամանակ, այլ գրեթե բոլոր հանդիպումներում լրագրողների հետ այս հարցը օրակարգից չի հանվում։ Նա շեշտել է, որ «Հայաստանը անկախ, ինքնիշխան պետություն է և ունի իրավունք միանալ կամ դադարեցնել իր գործունեությունը ցանկացած կազմակերպությունում»։

ՀՀ–ն չի մասնակցել ՀԱՊԿ միջոցառումներին։

Նոյեմբերի 26–ին Հայաստանի ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը լրագրողներին հայտարարել է, որ այս պահին «Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց չի քննարկում»։

Դրանից առաջ՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը սառեցրել է ՀԱՊԿ-ում գործունեությունը, քանի որ, իր կարծիքով, կազմակերպությունն «սպառնալիքներ է առաջացրել հանրապետության ինքնիշխանությանը»։