ԱՄՆ Կոնգրեսի սենատի միջազգային հարցերով կոմիտեն որոշում է ընդունել հետաձգել Հայաստանի եւ յոթ այլ պետությունների բացառման հարցի որոշումը այն պետությունների ցուցակից, որոնց վրա տարածվում է Ջեքսոն-Վենիկի ուղղումը: Հիշեցնենք, որ ուղղումը նախատեսում է սահնանափակումներ առեւտրում: Կոնգրեսականներ Ջեքսոնի եւ Վենիկի նախաձեռնությամբ 1974 թվականին Խորհրդային Միության դեմ մտցված` պատժամիջոցները, ԽՍՀՄ փլուզումից հետո տարածվել են ԱՊՀ բոլոր երկրների վրա: Հունվարի սկզբին կոնգրեսում սկսվել է Հայաստանի եւ այլ յոթ պետությունների նկատմամբ Ջեքսոն-Վենիկի ուղղման կասեցման անհրաժեշտության մասին հարցի քննարկումը: Ուղղման կասեցումը կազատի հայ արտահանողներին բարձր մաքսային սակագներից, ինչը կդարձնի հայկական արդյունաբերության եւ գյուղատնտեսության արտադրանքը ավելի մրցունակ: Պատժամիջոցների կասեցման հակառակորդները իրենց սկզբունքայնությունը բացատրում են նրանով, թե ցանկանում են հասնել Ռուսաստան հավի մսի ներկրման սահմանափակումների վերացման մասին հարցի լուծմանը: Քանի որ Ռուսաստանը այն երկրների ցուցակում է, որոնք պետք է ազատվեին պատժամիջոցներից, Հայաստանը դարձել է Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ «առեւտրային պատերազմի» զոհ:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: