AM
27 June 2003 - 14:29 AMT

TRACECA-ՅԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ ԿԿԱՅԱՆԱ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Եվրոպա-Կովկաս-Ասիա տրանսպորտային միջանցքի ստեղծման վերաբերյալ TRACECA նախագծի անդամ-երկրների հերթական ամենամյա համաժողովը կկայանա հոկտեմբերի 8-10-ը Երեւանում: Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանի խոսքերով` ներկայումս կատարվում են նախապատրաստական աշխատանքները եւ համաժողովի օրակարգը պատրասատ կլինի օգոստոսի վերջին: Նա նաեւ ընդգծել է, որ Հայաստանն այս տարի ստանձնելու է նախագահությունը TRACECA-ում: Նախարարը նշել է, որ ըստ նախագծի մասնակիցների կողմից հաստատված տրանսպորտային քարտեզի, Հայաստանը գտնվում է ճանապարհների խաչմերուկում, եւ այդ նախագծի իրականացման համար անհրաժեշտ է, որպեսզի Թուրքիան ընդունի քաղաքական որոշում` սահմանները բացելու վերաբերյալ: Նախատեսվում է, որ համաժողովի աշխատանքին կմասնակցեն նախագծի բոլոր 12 անդամ-երկրների ներկայացուցիչները: