AM
19 April 2002 - 19:00 AMT

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿՄԵԿՆԻ ԿՐԱՍՆՈԴԱՐԻ ԵՐԿՐԱՄԱՍ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Մոտակա երկու օրերի ընթացքում վերջնականապես կճշտվի Կրասնոդարի երկրամաս հայկական խորհրդարանական պատվիրակության այցի ժամկետը: Ինչպես հաղորդել է «Արմինֆո» գործակալության թղթակցին արտաքին կապերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը, պատվիրակության կազմում կլինեն 5-6 պատգամավոր տարբեր խորհրդարանական խմբակցություններից եւ պատգամավորական խմբերից: Պատվիրակությունը կղեկավարի ինքը արտաքին կապերի հանձնաժողովի նախագահը: Հովհաննիսյանի խոսքերով, մշտական կապ է պահպանվում երկրամասի ղեկավարության հետ: Այսօր կայացել է նրա հեռախոսազրույցը երկրամասի փոխնահանգապետի հետ: Նրա կարծիքով առաջընթաց է նկատվում հիմնահարցի լուծման գործում: Հովհաննիսյանը նաեւ նշել է, որ երկրամասի դատախազը մտադիր է դիմել դատարան միգրացիոն ռեժիմի խստացման մասին օրենքի բողոքարկման համար: Հիշեցնենք, որ այդ օրենքը ընդունվել էր երկրամասի դումայի կողմից: Երկրամասի դատախազությունում գտնում են, որ վերը նշված օրենսդրական ակտը ընդունվել է Ռուսաստանի Սահմանադրության նորմերի խախտումներով: Արտաքին կապերի հանձնաժողովի նախագահը նշել է, որ իրավիճակը վերահսկվում էՀայաստանի իշխանությունների եւ անձամբ նախագահի կողմից: Հովհաննիսյանը գտնում է , որ հայկական պատվիրակության այցը Կրասնոդարի երկրամաս կարեւոր նշանակություն կունենա հետագա էքսցեսներից խուսափելու համար:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: