Պյատիգորսկի հայկական համայնքի խորհրդի արտակարգ նիստը գումարվել է ապրիլի լույս 19-ի գիշերը քաղաքում ստեղծված ծայրաստիճան լարված իրադրության կապակցությամբ: Չի բացառվում, որ քաղաքում կարող են հայկական ջարդեր սկսվել: Ինչպես հաղորդում է «Արկա» գործակալությունը, վկայակոչելով Կրասնոդարում հրատարակվող «Երկրամաս» թերթը, իրավիճակը Պյատիգորսկում ծայրաստիճան լարված է, եւ եղած տեղեկատվության համաձայն, ապրիլի 20-ին սքինհեդները եւ ֆաշիստական տարրերը կարող են հայկական ջարդեր սկսել քաղաքում: Ինչպես հաղորդվում է թերթում «հայ երիտասրդությունը սկսում է տարերայնորեն հավաքվել այն շրջաններում, որտեղ կոմպակտ բնակվում են հայերը, որպեսզի հակահարված տա ֆաշիստներին եւ պաշտպանի հայկական բնակչությանը, եթե ոստիկանությունը չկարողանա դա անել»: Թերթը նշում է, որ եղած տվյալների համաձայն ապրիլի 18-ին Պյատիգորսկի զբոսայգում արդեն եղել են ըդհարումներ ֆաշիստների եւ հայ երիտասարդների միջեւ: Շատ ծնողներ որոշել են երեխաներին դպրոց չուղարկել, քանի որ հենց դպրոցականները կարող են բռնության զոհ դառնալ: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը` Պյատիգորսկի Հայկական համայնքի խորհուրդը դիմել է քաղաքապետին եւ Պյատիգորսկի ներքին գործերի վարչության պետին հայտարարություններով, որտեղ, մասնավորապես, անհանգստություն է արտահայտվում միջազգային հարաբերությունների ոլորտում երկրում եւ Կրասնոդարի երկրամասում ստեղծված իրավիճակի կապակցությամբ:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: