AM
18 April 2002 - 18:39 AMT

ՀՐԵԱԿԱՆ ԼՈԲԲԻՆ ՕԳՆՈՒՈՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՀԱԿԱԶԴԵԼ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԻ ՃԱՆԱՉՄԱՆԸ

Բաքվում ծայրաստիճան անհանգստացած են պաշտոնական Վաշինգտոնի կողմից Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման հեռանկարով: Հիշեցնենք, որ օրերս 162 ամերիկացի կոնգրեսականներ դիմել են նախագահ Ջորջ Բուշին` կոչ անելով ապրիլի 24-ի իր ավանդական ուղերձում 1915 թվականի ողբերգական իրադարձությունները որակել որպես ցեղասպանություն: Դրան հակազդում է ոչ միայն Ամերիկայի թուրքական լոբբին: «ԱՄՆ-ի ադրբեջանական համայնքը նույնպես ձեռքերը ծալած չի նստում»,- գրում է Բաքվում հրատարակվող «Էխո» թերթը: Թերթի տվյալներով, «Ամերիկայի ադրբեջանական սփյուրքը եւ ԱՄՆ-յում սովորող ուսանողները այդ կապակցությամբ բազմաթիվ բողոքի նամակներ են հղել փոխնախագահ Դիկ Չեյնիին»: Ի՞նչու հատկապես փոխնախագահին եւ ոչ Ջորջ Բուշին: Բաքվում գտնում են, որ նա ավելի բարյացակամ է Ադրբեջանի հանդեպ եւ ավելի պատրաստ ընկալելու տնտեսական նպատակահարմարության վրա հիմնված փաստարկները: Հակահայկական արշավի մեջ են ներքաշվել նաեւ որոշ հրեական կազմակերպություններ: «Էխոն» տվյալներ ունի այն մասին, որ «հզոր հրեական կազմակերպությունները ԱՄՆ-յում հայտարարել են, որ ըստ ամենայնի կաջակցեն Թուրքիային այդ հարցում եւ թույլ չեն տա հայերին հասնել իրենց նպատակին»: Մասնավորապես, ԱՄն-յում հրեական կոմիտեի Ռազմավարական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Բարրի Յակոբսը հավաստիացնում է, որ «հայկական լոբբին եւ նրան աջակցող կազմակերպությունները գիտեն, որ այս անգամ էլ ոչ մի արդյունքի չեն հասնի»: «Ես արդեն հիմա կարող եմ ասել, որ Ջորջ Բուշը ապրիլի 24-ի իր ելույթում չի օգտագործի «ցեղասպանություն» բառը»,- հավաստիացնում է Յակոբսը: Նրա խոսքերով, դրա երաշխիքն է հանդիսանում այն, որ «Թուրքիան հատուկ աջակցություն ցուցաբերեց ԱՄՆ-ին սեպտեմբերի 11-ից հետո հակաահաբեկչական գործողության ընթացքում, ինչպես նաեւ Աֆղանստանի դեմ ծավալված ռազմական գործողություններում»: Յակոբսը ընդգծել է, որ «հրեական կազմակերպությունները աջակցում են թուրքական կազմակերպություններին ԱՄՆ-յում քաղաքական ազդեցություն ձեռք բերելու գործում եւ կփորձեն հասնել Թուրքիայի օգտին բանաձեւերի ընդունմանը»:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: