AM
16 April 2002 - 18:15 AMT

ԱՄԵՐԻԿՅԱՆ 162 ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐ ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ ՆԱԽԱԳԱՀ ԲՈՒՇԻՆ` 1915 ԹՎԱԿԱՆԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՆԱՀԱՏԵԼ ՈՐՊԵՍ ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Ամերիկյան 162 կոնգրեսականներ ստորագրել են նախագահ Բուշին ուղղված դիմումի տակ կոչելով տեր լինել ընտրարշավի ժամանակ տված իր խոսքին եւ գնահատել 1915 թվականի Օսմանյան Թուրքիայում տեղ գտած իրադարձությունները, որպես հայերի ցեղասպանություն: Կոնգրեսականները հույս են հայտնել, որ հայերի ցեղասպանության տարեդարձի կապակցությամբ ավանդական դիմումում նախագահը կարտասանի «ցեղասպանություն» բառը: Նախագահին ուղղված նամակի տակ ստորագրահավաքը կավարտվի վաղը: Ներկայացուցիչների պալատի մի քանի կոնգրեսականներ անձնական ուղերձներ են հղել Ջորջ Բուշին նրա առաջիկա դիմումի կապակցությամբ: Նախագահին կոչ են արել իրերն անվանել իրենց անուններով, մասնավորապես, Քրիս Քոքսը, Բարբարա Լին, Սինթիա ՄաքՔինին, Ջոն Սունունուն: Բարբարա Լին իր նամակում նշել է, որ «ցեղասպանությունը` դա ամենասարսափելին է մարդկության դեմ հանցագործություններից, որովհետեւ դա փորձ է բնաջնջել ժողովուրդ, ոչնչացնել նրա մշակույթը: Հայերի ցեղասպանությունը չի կարելի մոռանալ երբեք»: Ամերիկայի Հայկական Ազգային Կոմիտեն երխտագիտություն է հայտնել կոնգրեսականներ Քնոլենբերգին եւ Փալոնեին, ովքեր եւ նախագահ Բուշին ուղղված դիմումի տակ ստորագրահավաքի նախաձեռնողներն են: «Այժմ, երբ մենք պայքարում ենք ահաբեկչության դեմ, հայոց ցեղասպանության ճանաչումը ավելի քան կարեւոր է»,-հայտարարել է ԱՀԱԿ-ի գործադիր տնօրեն Արամ Ղամփարյանը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: