Բելգիայի հավաքականի մարզիչ Ֆրանկ Վերկոտերենը հրաժարական է տվել Հայաստանի հավաքականի հետ խաղից անմիջապես հետո, որտեղ նրա սաները 2:1 հաշվով զիջեցին դաշտի տերերին:
«Ես մնալու իմաստ չեմ տեսնում: Սկզբում ես մտադիր էի մտածել իմ որոշման շուրջ 24 ժամվա ընթացքում, սակայն դա ոչ մի բանի չէր հանգեցնի: Եթե մարզիչը գիտակցում է, որ անհույս է ինչ-որ բան սովորեցնել թիմին, ապա նա պետք է հրաժարական տա»,-ասել է Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչը խաղից հետո:
Վերկոտերենը նշանակվել էր Բելգիայի հավաքականի ժամանակավոր մարզիչ ապրիլ ամսին, երբ Բելգիայի ֆեդերացիան պաշտոնանկ արեց Ռենե Վանդերեյկենին, որը չկարողացավ հասնել իր առջեւ դրված նպատակին` դուրս գալ 2010 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ: Բելգիացի մասնագետը պետք է գլխավորեր Բելգիայի հավաքականը մինչեւ իր պարտականությունների կատարմանը կանցներ Սանքտ Պետերբուրգի «Զենիտի» նախկին մարզիչ, հոլանդացի Դիկ Ադվոկատը, որը 2009թ. հուլիսի 1-ին երկամյա պայմանագիր կնքեց Բելգիայի ֆուտբոլի միության հետ եւ աշխատանքի պետք է անցնի 2010թ. հունվարի 1-ին:
Նշենք, որ Վերկոտերենի ղեկավարությամբ Բելգիայի հավաքականը ընտրական փուլի բոլոր 5 խաղերում պարտություն է կրել: Վերջին ակորդը հանդիսացավ Հայաստանի հավաքականի հետ սեպտեմբերի 9-ին կայացած խաղը, իսկ մինչ այդ սեպտեմբերի 4-ին բելգիացիները ջախջախիչ պարտություն կրեցին իսպանացիներից` 0:5 հաշվով:
Բելգիայի հավաքականը 2010 Աշխարհի առաջնության ընտրական փուլի 8 խաղերում հավաքել է 7 միավոր եւ կորցրել է Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու բոլոր շանսերը: