AM
12 April 2002 - 18:42 AMT

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԵՐԵՎԱՆԸ ԻՐ ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆՆ Է ԱՐՏԱՀԱՅՏԵԼ ԲԵԹՂԵՀԵՄՈՒՄ ՀԱՅ ԵԿԵՂԵՑԱԿԱՆԻ ՎԻՐԱՎՈՐՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ իր մտահոգությունն է հայտնում Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան եկեղեցում հայ եկեղեցական, Հայաստանի քաղաքացի Արմեն Սինանյանի վիրավորվելու կապակցությամբ: ՀՀ ԱԳՆ մամլո ծառայության կողմից տարածած փաստաթղթում նշվում է, որ երկրի արտաքին քաղաքականության գերատեսչությունը անհանգստացած է Մերձավոր Արեւելքում կատարվող վերջին իրադարձություններով: Պաշտոնական Երեւանը կոչ է անում Իսրայելի կառավարությանը հավատարիմ մնալ իր խոստմանը եւ թույլ չտալ, որ եկեղեցու եւ այնտեղ գտնվող մարդկանց ուղղությամբ կրակ արձակվի: Հայտարարության մեջ ասվում է, որ Հայաստանը կոչ է անում Իսրայելին զինադադար հայտարարել եւ դուրս բերել զորքերը Պաղեստինի ինքնավարության տարածքից: «Դատապարտելով ահաբեկչությունը որպես երեւույթ, գտնում ենք, որ քաղաքական խնդիրները հնարավոր է լուծել միայն քաղաքական միջոցներով եւ կոչ ենք անում կողմերին վերսկսել երկխոսությունը»,- ասվում է հայտարարության մեջ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: