Ամերիկայի Հայկական Ազգային Կոմիտեն ջանք չի խնայի, որպեսզի Հայաստանին տրվելիք ամերիկյան օգնության նախկին ծավալները պահպանվեն: Այդ մասին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է ԱՀԱԿ-ի գործադիր տնօրեն Արամ Ղամբարյանը: Հիշեցնենք, որ Սպիտակ տունը հանդես է եկել նախաձեռնությամբ` կրճատել 2002 թվականին Հայաստանին հատկացվելիք ամերիկյան օգնության ծավալները` 90- ից մինչեւ 70 միլիոն դոլար: ԱՀԱԿ-ի տնօրենը վստահություն է հայտնել, որ հայկական լոբբիին կհաջողվի համոզել կոնգրեսականներին` հաստատել այն օգնության չափը, որը գերազանցում է վարչակազմի կողմից առաջարկված չափին: Ղամբարյանի խոսքերով` ԱՀԱԿ-ի հետ համագործակցող կոնգրեսականները մտադիր են հասնել այն բանին, որպեսզի պահպանեն Ղարաբաղին տրվող ԱՄՆ օգնության չափը: Հայկական լոբբին աջակցում է նաեւ հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության զարգացմանը: Ընդ որում ԱՀԱԿ-ը ուշադրություն է հատկացնում ոչ միայն ԱՄՆ դաշնային մարմինների հետ Հայաստանի շփումներին, այլեւ օգնում է կապ հաստատել Երեւանի եւ առանձին նահանգների մայրաքաղաքների միջեւ: Հայկական ազգային կոմիտեի ջանքերի շնորհիվ Երեւանում շուտով կբացվի Կալիֆորնիայի առեւտրա-տնտեսական ներկայացուցչությունը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: