Հոկտեմբերի 9-ին Երեւանում տեղի է ունեցել Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեի մամլո ասուլիսը, որի սաները հոկտեմբերի 10-ին արտագնա հանդիպում կունենան Հայաստանի հավաքականի հետ: Նշենք, որ մամլո ասուլիսում հայ լրագրողների բախտը չբերեց, քանի որ թարգմանիչը խեղաթյուրում էր եւ սխալ էր թարգմանում իսպանացի մասնագետի խոսքը: Այնուամենայնիվ հաջողվեց հասկանալ Վիսենտե Դել Բոսկեին:
«Ես ուրախ եմ, որ մեր առջեւ այժմ կոնկրետ խնդիր չի դրված, ինձ համար այժմ կարեւոր է ոչ թե կոնկրետ ֆուտբոլիստի մասնակցությունը խաղին, այլ տակտիկական խնդիրները: Կարեւոր է նաեւ, թե որքանով է թիմը համախմբված գործում, որ իմ սաների փոխըմբռնումը ամրապնդվի: Դա չի նշանակում, թե մենք չենք ձգտելու հաղթանակի: Մենք միշտ դաշտ ենք դուրս գալիս մեկ նպատակով` հաղթելու»,-ասել է իսպանացիների մարզիչը:
Դել Բոսկեն նշել է նաեւ, որ Բոսնիայի հավաքականը փլեյ-օֆին հասնելու ավելի մեծ հավանականություն ունի, քան Թուրքիան:
«Բոսնիայի հավաքականը փլեյ-օֆ անցնելու մեծ հնարավորություն ունի, սակայն խաղը Էստոնիայի հավաքականի հետ եւս դժվար է լինելու, իսկ Թուրքիան միշտ մարտական թիմ է եղել եւ կարծում եմ, որ կպայքարի ուղեգրի համար մինչեւ վերջ: Այսօր ֆուտբոլում ուժերը քիչ թե շատ հավասար են: Եվ ես չեմ զարմանա, եթե Արգենտինայի ու Պորտուգալիայի հավաքականները չկարողանան դուրս գալ փլեյ-օֆ»,-ասել է Դել Բոսկեն:
Իսպանիայի հավաքականը հանդիպումից հետո եւս 2 օր կհյուրընկալվի Հայաստանում` նախապատրաստվելու համար Բոսնիայի հավաքականի հետ հաջորդ խաղին: Հոկտեմբերի 11-ին եւ 12-ին Իսպանիայի հավաքականը մարզումներ կանցկացնի Երեւանում, իսկ հաջորդ օրը կմեկնի Բոսնիա, որտեղ հոկտեմբերի 14-ին կանցկացնի խմբային փուլի վերջին հանդիպումը: