Հանդիպումը Հայաստանի ԱԳՆ ղեկավարի հետ հնարավորություն է ընձեռնել «ճշտել մոտեցումները մի շարք միջազգային հիմնախնդիրների եւ երկկողմ հարաբերությունների որոշ տեսակետների վերաբերյալ»: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Իգոր Իվանովը, Մոսկվայում պաշտոնական այցով գտնվող, իր հայ գործընկեր Վարդան Օսկանյանի հետ ունեցած հանդիպումից հետո: Իվանովի խոսքերով, երկու երկրների միջեւ արդեն 10 տարի գոյություն ունեցող դիվանագիտական հարաբերությունները թույլ են տալիս կարծիքներ փոխանակել երկու երկրների համագործակցության մի շարք հիմնահարցերի վերաբերյալ: Ռուսաստանը բավարարված է Հայաստանի հետ քաղաքական հարաբերությունների զարգացման դինամիկայով: Իր կողմից, Հայաստանի ԱԳՆ ղեկավարը ընդգծել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր, Մոսկվայի եւ Երեւանի միջեւ հաստատվել են «ռազմավարական գործընկերության հարաբերություններ, որոնք անհրաժեշտ են Հայաստանին»: Հանդիպումները ռուսաստանյան գործընկերների հետ Օսկանյանը անվանել է «կարեւոր եւ օգտակար` հաշվի առնելով անընդհատ փոփոխվող իրավիճակը Կովկասում եւ Ռուսաստանի դերը այդ տարածաշրջանում»:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: