Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Լեռնային Ղարաբաղի գծով զեկուցող Թերրի Դեւիսի ղարաբաղյան հակամարտության գոտի կատարելիք երկրորդ այցի ժամկետները կքննարկվեն հայկական կողմի հետ Սթրասբուրգում: Այդ մասին «Արկա» գործակալությանն է հայտարարել ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Արմեն Ռուստամյանը, որը հունիսի 23-ին կմասնակցի Սթրասբուրգում կայանալիք Վեհաժողովի հերթական նիստին: Նրա խոսքերով, նախկին պայմանավորվածության համաձայն, զեկուցողի այցը Հայաստան, Ադրբեջան եւ Լեռնային Ղարաբաղ նախանշված էր այս տարվա հուլիսին: Սակայն Ա.Ռուստամյանը նշել է, որ վերջին իրադարձությունները Ադրբեջանում եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքը հիմնախնդրի կարգավորման նոր առաջարկների շուրջ առանձնակի ակտիվացում չեն գրանցել այդ հարցում: «ԵԽԽՎ զեկուցողը համաձայնեցնում է իր աշխատանքը եւ ծրագրերը համանախագահների հետ եւ, հնարավոր է, որ այցի ժամկետները հետաձգվեն»,-ասել է նա: Բացի այդ, Ա.Ռուստամյանը նշել է, որ Թ.Դեւիսը մտադիր է իր թեկնածությունը առաջադրել ԵԽ գլխավոր քարտուղարի պաշտոնում: Հայ խորհրդարանականը ավելացրել է, որ իր նշանակումից հետո երկու տարվա ընթացքում զեկուցողը պետք է կամ ներկայացնի իր զեկույցը, կամ էլ բացատրի, թե ինչու դա չի արել եւ երկարացնի դրա նախապատրաստման աշխատանքը: Թ.Դեւիսի ժամկետը լրանում է հոկտեմբերին: