AM
6 November 2009 - 14:32 AMT

ՀՀ 2010թ. բյուջեի նախագծում սպորտին հատկացված միջոցները կրճատվել են գրեթե 1 մլրդ դրամով

Հայաստանի 2010թ. բյուջեի նախագծում սպորտին հատկացված միջոցները կրճատվել են գրեթե 1 մլրդ դրամով: Այդ մասին մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարար Արմեն Գրիգորյանը: «2009 թվականի համեմատ, երբ սպորտի բյուջեն կազմում էր 4 մլրդ 187 մլն դրամ, 2010թ. բյուջեն բավականին համեստ է եւ կազմում է 3 մլրդ 894 մլն դրամ, սակայն մենք հուսով ենք, որ արդյունավետ կաշխատենք»,-ասել է նախարարը:

Նրա խոսքերով, առաջին հերթին ֆինանսավորվում են սպրոտի հիմնական տեսակները (ծանրամարտ, բռնցքամարտ, ձյուդո), հետո մարմնամարզություն, թեթեւ աթլետիկա, սեղանի թենիս եւ զանգվածային սպորտաձեւերը (ֆուտբոլ, բասկետբոլ):

Կա 2010թ. Ձմեռային օլիմպիական խաղերին, Սեւծովյան երկրների առաջնությանը, Սինգապուրի պատանեկան օլիմպիական խաղերին հայ մարզիկների մասնակցության ֆինանսավորման առանձին ծրագիր, նման ծրագիր կա նաեւ 2010թ. Հայաստանում նետաձգության Գրան-պրիի անցկացման համար:

50 մլն դրամ բյուջեից կհատկացվի Եվրոպայի ու աշխարհի առաջնության հաղթողների մարզիչների ու չեմպիոնների պարգեւատրման համար: ՀՀ նախագահը պարգեւներ է սահմանել միջազգային մրցումների մրցանակակիր մարզիկների, մարզիչների ու սպասարկող անձնակազմի համար: