AM
21 February 2002 - 18:37 AMT

ՎՐԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՀԱՅ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԱՆԼՈՒՐՋ Է ԱՆՎԱՆԵԼ ՋԱՎԱԽՔԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻՆ ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅ ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆՆԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Վրաստանի հասարակությունը չպետք է լուրջ նշանակություն տա Ջավախքի հայ ծայրահեղական ուժերի առանձին ներկայացուցիչների հայտարարություններին, որոնք պահանջում են ինքնավարություն տրամադրել տարածաշրջանին: Այս հայտարարությամբ հանդես է եկել Վրաստանի խորհրդարանի հայ պատգամավոր Վան Բայբուրտը: Ինչպես հաղորդում է “ՄԵԴԻԱՄԱՔՍ” գործակալությունը, Բայբուրտը հայտարարել է, որ Հայաստանի ղեկավարությունը եւ կուսակցությունների 99 տոկոսը դատապարտում են նման հայտարարությունները, որոնք «օգուտ չեն բերի ոչ Վրաստանին, ոչ Հայաստանին»: «Այդ հայտարարություններին պետք չէ լուրջ վերաբերվել, քանի որ նրանց չի սատարում առաջին հերթին Ջավախքի հայ բնակչությունը»,- ասել է Բայբուրտը: Խորհրդարանականը գտնում է, որ Ջավախքին ինքնավարություն տրամադրելու անհրաժեշտության մասին հայտարարությունները արվում են նաեւ այն հեռահար նպատակով, որպեսզի Վրաստանի իշխանությունները ուշադրություն դարձնեն այդ տարածաշրջանին եւ այնտեղ կուտակված խնդիրներին:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: