Ջավախքում տիրող իրավիճակը, նախատեսվում է քննարկել Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի նիստում: Ինչպես հաղորդում է «Արմինֆոն», վկայակոչելով «ԲիԷՍ-Պրես» գործակալությունը, այդ որոշումը ընդունվել է Վրաստանի խորհրդարանի պաշտպանության եւ անվտանգության կոմիտեյում փակ լսումներից հետո, որին մասնակցել են արտաքին գործերի նախարարության, պետանվտանգության եւ ներքին գործերի ղեկավարության ներկայացուցիչները: Լսումների ընթացքում մամուլը ակտիվորեն քննարկել է Ջավախքի հիմնախնդրը` տեղի առանձին հասարակական եւ քաղաքական կազմակերպությունների տարածաշրջանին ինքնավարության կարգավիճակ տալու անհրաժեշտության վերաբերյալ վերջերս արված հայտարարությունների համատեքստում: «Ջավախքը Վրաստանի անքակտելի մասն է, եւ նման լուրերի տարածումը լիովին անհիմն է, այդ հարցը չի եղել քննարկման առարկա խորհրդարանում»,- հայտարարել է լրագրողներին Վրաստանի արտաքին գործերի նախարար Իրակլի Մենաղարիշվիլին, որը մասնակցել է նիստի աշխատանքներին: Նա նշել է, որ լսումների հիմնական թեման եղել է տարածաշրջանից Ռուսաստանի ռազմակայանի նախատեսված դուրս բերման հնարավոր հետեվանքները: Նախարարի կարծիքվ, դա կարող է լուրջ հիմնախնդիր դառնալ, քանի որ Ջավախքի բնակչության զգալի մասը այսօր ապահովված է աշխատանքով Ռուսաստանի ռազմակայանի շնորհիվ: «Այստեղ առկա է սոցիալ-տնտեսական բնույթի շատ լուրջ խնդիր, որի լուծումը կհանի օրակարգից Ջավախքի հիմնահարցը»,- համոզված է Իրակլի Մենաղարիշվիլին: Նախարարը նշել է, որ Ռուսաստանի ռազմակայանի դուրսբերման ժամկետները Սամցխե-Ջավախքից նախկինի պես մնում են վրաց-ռուսական բանակցությունների քննարկման առարկա, որոնց հերթական փուլը նախատեսվում է անցկացնել մարտին: Ռուսաստանյան կողմը, ինչպես նախկինում, պնդում է, որ ռազմակայանի կազմացրկան համար անհրաժեշտ է 14 տարի, ինչի հետ համաձայն չէ վրացական կողմը` առաջարկելով սահմանափակվել երեք տարի ժամկետով:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: