AM
24 January 2002 - 19:00 AMT

«1915 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՄԱԿԱՆ ՓԱՍՏ Է, ՈՐԸ ՊԵՏՔ Է ՃԱՆԱՉՈՒՄ ԳՏՆԻ»,-ՀԱՎԱՍՏԻԱՑՆՈՒՄ Է ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ

Եվրոպական Միությունը կջանա օգտագործել իր ազդեցությունը Թուրքիայի վրա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նպատակով: Այդ մասին «Արմինֆո» գործակալության թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանհում եւ Վրաստանում Եվրոպական Հանձնաժողովի ներկայացուցչության ղեկավար, դեսպան Տորբեն Հոլտցեն: Նրա խոսքերով, Երեւանի եւ Անկարայի միջեւ հարաբերությունների կարգավորումը բխում է ԵԽ շահերից: Նա ավելացրել է, որ այդ հարցը բազմիցս անգամ քննարկվել է Եվրոմիության եւ Եվրոխորհրդարանի արտաքին գործերի նախարարների Խորհրդի նիստերում: Հոլտցեն հաճույքով փաստել է, որ հայ-թուրքական հարաբերություններում որոշակի տեղաշարժ է նկատվում: Դեսապանի խոսքերով, Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը բազմիցս անգամ հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է երկխոսության: «Տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանը որոշ չափով մեղմացրել է մոտեցումները Թուրքիայի հետ կապված հիմնախնդիրների նկատմամբ»,- նշել է դիվանագետը: Նա ափսոսանք է հայտնել, որ Թուրքիան շարունակում է մնալ առավել կոշտ դիրքերի վրա: «Փաստորեն Հայաստանը այնքան էլ շատ բան չի ցանկանում: Որքանով ես կարող եմ դատել, խոսքը գնում է միայն Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման, այլ ոչ թե փոխհատուցման մասին: Գոյություն ունի պատմական փաստ, եւ այն պետք է ճանաչվի: Գտնում եմ, որ Եվրոմիությունը կարող է օգնել կողմերին ընդհանուր լեզու գտնել»,- եզրափակել է դեսպանը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: