AM
14 January 2002 - 18:40 AMT

ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԿՔՆՆԱՐԿԻ ԲԱՆԱՁԵՒԻ ՆԱԽԱԳԻԾ, ՈՐՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏ

Եվրոխորհրդարանում մոտակա ժամանակաշրջանում կանցկացվիՀարավային Կովկասի պետությունների հետ ԵՄ-ն հարաբերությունների վերաբերյալ բանաձեւի քվեարկությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը` վկայակոչելով Եվրոպայի Հայկական Ընկերակցության ֆորումի մամուլի ծառայությանը, բանաձեւի նախագիծը ներկայացված է շվեդացի խորհրդարանական Պեռ Գահրթոնի կողմից: Փաստաթուղթն ընդգրկում է Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի սոցիալական, տնտեսական եւ քաղաքական իրավիճակների մասին հաշվետվություն, ինչպես նաեւ տեղեկություններ կաշառակերության չափերի, մարդու իրավունքներին վերաբերող իրավիճակի եւ խոսքի ազատության վերաբերյալ: Բանաձեւում առաջարկություններ են արված հարավկովկասյան տարածաշրջանում Եվրոպական Միության քաղաքականության ամրապնդման վերաբերյալ: Մասնավորապես, ապագայում Եվրամիությանն անդամկցելու Հայաստանի եւ Ադրբեջանի մտադրությունների խրախուսման նպատակով, նախատեսվում է նշանակել հատուկ դեսպանորդ, եւ Բաքվում ու Երեւանում բացել ԵՄ ներկայացուցչություն: Բանձեւը նաեւ աջակցում է Կովկասում կայունացման Պակտի ստեղծման գաղափարին` Բալկանյան երկրների օրինակով: Բանաձեւում, Հարավային Կովկասի տարածաշրջանում, կարեւոր դեր է հատկացվում Ռուսաստանին, Թուրքիային եւ Իրանին: ԵՄ-ը կոչ է անում այդ երկրներին, տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման նպատակով, կոնստրուկտիվ կերպով օգտագործել իրենց հնարավորությունները: Բացի այդ, բանաձեւի հեղինակները կոչ են անում Անկարային ճանաչել հայերի ցեղասպանության փաստը եւ վերացնել Հայաստանի շրջափակումը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: